Կլիչկոն կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Յանուկովիչի դեմ
Նախագահ Վիկտոր Յանուկովիչը փորձում է ժամանակ շահել իր և իր կեղտոտ քաղաքականության համար, կարծում է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է արգելել Ուկրաինայի նախագահի մուտքը ԵՄ երկրներ, քանի դեռ «բռնապետական օրենքները» չեղյալ չեն համարվել, գրում է Deutsche Welle-ն։
Կլիչկոն կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել նախագահի դեմ։ «Մենք հույս ունենք, որ Վիկտոր Յանուկովիչին և նրա պաշտոնյաներին կարգելեն մուտք գործել ԵՄ երկրներ, քանի դեռ նախագահը չեղյալ չի համարել իր բռնապետական օրենքները»,- գրել է Կլիչկոն գերմանական Bild պարբերականում հրապարակված հոդվածում։
Նա նաև նշել է, որ ինքն այնպիսի զգացողություն ունի, որ Յանուկովիչը փորձում է «միայն ժամանակ շահել իր և իր կեղտոտ քաղաքականության համար»։
Նշենք, որ օրերս ընդունված օրենքները սահմանափակում են երկրի քաղաքացիների իրավունքները։










