Հայտնի է դարձել Սոչիի Օլիմպիական ավանի քաղաքապետը
Ձողացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Իսինբաևան դարձել է Սոչիի Օլիմպիական խաղերի ավանի քաղաքապետը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Մարզուհին ինքն է այս մասին հայտնել Instagram-ում` տեղադրելով իր բեջը և գրելով. «Ուռա, ես Սոչիում եմ: Ստացել եմ հավատարմագրումս, վաղվանից անցնում եմ օլիմպիական ավանի քաղաքապետի պաշտոնին: Ավանի քաղաքապետ»:
Նա նշել է նաև, որ այդ ամենից փշաքաղվում է: Սակայն նոր «պաշտոնում» Իսինբաևան իրեն պետք է դրսևորի արդեն այսօր: Այսօր կայանալու է ավանի բացումը:
Պաշտոնը ենթադրում է հանդիպումներ պատվիրակությունների և Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամների, բարձրաստիճան հյուրերի հետ:
Իսինբաևան հայտարարել է նաև, որ պատրաստ է պաշտպանել մարզիկների շահերը, եթե դրա կարիքը լինի:










