«Նաիրիտ»–ից հերքում են, որ նախկին ղեկավարը՝ վարչապետի եղբայրը, 42.000.000 դրամ վերջնահաշվարկ է ստացել

11:14 • 30.01.14

Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, որ «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Աշոտ Սարգսյանն աշխատանքից ազատվելուց հետո 42 մլն. դրամ վերջնահաշվարկ է ստացել՝ այն դեպքում, երբ աշխատողներին գործարանն ունի մոտ մեկ տարվա աշխատավարձի պարտքեր:

 

«Նախ այդ 42 մլն.-ը աբսուրդ գումար է, վերջնահաշվարկը շատ ավելի քիչ է, և ինքն էլ ստանում է բոլոր ղեկավարների նման նույն հիսուն տոկոսը՝ անկախ նրանից, որ արդեն դիմում է գրել և ազատվել աշխատանքից»,-Tert.am-ին ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, ով մշտապես պնդում է, որ ղեկավար կազմն ի տարբերություն այլ աշխատակիցների, ստանում է աշխատավարձերի կեսը:

 

Հիշեցենք, որ «168.am»-ը տեղեկացրել էր, որ գործարանի նախկին գլխավոր տնօրենը ստացել է 42 մլն.դրամի վերջնահաշվարկ:

 

Անուշ Հարությունյանը հավելեց, որ գործարանն աշխատակիցներին պարտք է մոտ մեկ տարվա աշխատավարձ: Վերջին անգամ աշխատակիցները աշխատավարձ ստացել են դեկտեմբերին երկու անգամ՝ երկու աշխատավարձի չափով: