Հրապարակվել է Կադաֆիի հարցազրույցը, որում ասվում է Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման մասին
Ֆրանսիական France 3 TV հեռուստաալիքը հրապարակել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆիի վերջին հարցազրույցներից մեկը, որում նա հաստատում է, որ Լիբիան ֆինանսավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ընտրարշավը 2007թ. նախագահական ընտրությունների ժամանակ, հայտնում է РИА Новости-ն։
Կադաֆիի կողմից Սարկոզիին ֆինանսավորելու շուրջ սկանդալն առաջացել էր 2012թ. գարնանը, երբ ֆրանսիական Mediapart պարբերականը հրապարակել էր փաստաթղթեր, որոնցում ասվում էր, որ իբր լիբիական ռեժիմը 50 մլն եվրո է փոխանցել նրա նախագահական ընտրարշավի համար։ Սարկոզին հայց էր ներկայացրել պարբերականի դեմ և հրապարակումներն անվանել «հսկայական կեղծիք»։ Մինչ օրս Ֆրանսիայում շարունակվում են դատական գործընթացներն այդ գործի վերաբերյալ։
Այսօր France 3 TV հեռուստաալիքը հրապարակել է 2011թ. մարտի 16-ին Կադաֆիի հետ արված հարցազրույցի ձայնագրությունը։ Դրանում Կադաֆին նշում է, որ Սարկոզին դիմել է իրեն օգնության համար, երբ դեռ ներքին գործերի նախարար էր։ Սակայն Կադաֆին չի նշում գումարը, որը նա փոխանցել է ֆրանսիացի քաղաքական գործչին։
«Սարկոզին մտավոր հետամնաց է։ Միայն իմ շնորհիվ նա դարձավ նախագահ։ Մենք նրան միջոցներ տրամադրեցինք, որոնք օգնեցին նրան հաղթել»,- ասվում է հարցազրույցում։










