Պաշտոնապես հաստատվել է, որ Շումախերին սկսել են աստիճանաբար դուրս բերել կոմայից
Ավտոարշավորդ Միխայել Շումախերի մենեջմենթը նոր հայտարարություն է տարածել, որտեղ առաջին անգամ հաստատել է, որ աշխարհի յոթակի չեմպիոնին սկսել են աստիճանաբար դուրս բերել կոմայից: Դեռ հայտնի չէ՝ երբ կավարտվի գործընթացը, գրում է gazeta.ru-ն:
Շումախերը գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել դեկտեմբերի 29-ին՝ ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս: Նա արդեն երկու վիրահատություն է տարել, և այժմ գտնվում է Գրենոբլի հիվանդանոցում:
«Հանգստացնող միջոցների կիրառումը կրճատվում է, որպեսզի սկսվի արթնացման գործընթացը, ինչը կարող է երկար ժամանակ պահանջել: Ի սկզբանե համաձայնեցվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որ տեղեկությունն այդ գործընթացի մասին կտարածվի միայն դրա ավարտից հետո»,- Շումախերի մենեջմենթի խոսքերն է մեջբերում Bild-ը:










