Nissan Micra՝ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի խաղարկության հաղթողին
«Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի «Արմենիա» մասնաճյուղում այսօր կայացավ Nissan Micra ավտոմեքենայի խաղարկությունը, որի արդյունքում մեքենայի բանալիները հանձնվեցին բանկի հաճախորդներից Արմեն Տեր-Գրիգորյանին:
Նշենք, որ խաղարկությանը մասնակցում էին բանկի ArCa, Visa, MasterCard և American Exspress վճարային համակարգերի բոլոր այն քարտապանները, որոնք 2013թ-ի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կատարել են նվազագույնը 100 հազ. դրամին համարժեք արտարժույթի վճարային գործարքներ իրենց քարտերից որևէ մեկով:
Խաղարկության առաջին փուլում, որը տեղի է ունեցել հունվարի 29-ին, հայտնի են դարձել այն 100 մասնակիցների անունները, որոնք կարող են մասնակցել ավտոմեքենայի խաղարկությանը:
Այսօր այդ բոլոր 100 մասնակիցները նախ ստացան Երևանի մի շարք հայտնի խանութ-սրահների 100 հազ. դրամ արժողությամբ նվեր քարտեր, իսկ հետո սկսվեց բուն խաղարկությունը:
«Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց, որ նման խաղարկությունն արդեն 2-րդ անգամ է բանկը իրականացնում, ինչը շարունակական է լինելու:
«Նպատակը առաջին հերթին մեր հաճախորդներին անակնկալներ մատուցելն է, որ նրանք հաճելի պահեր ունենան և, միաժամանակ, մարդկանց խրախուսենք գործարքներ իրականացնել քարտերով ու ակտիվացնենք քարտային բիզնեսը»,– ասաց նա:
Մյուս նման խաղարկության մրցութային շրջանը կսկսվի մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը Հաղթող կճանաչվեն սակայն 5-ը, որոնց կտվի դեպի Եվրոպա ուղեգիր՝ 2 հոգու համար:
Արդեն Nissan Micra-ի սեփականատեր Արմեն Տեր-Գրիգորյանը նախ բոլորին մաղթեց ևս ունենալ նման երջանիկ պահեր, այնուհետև կիսվեց իր զգացողություններով։
«Որ անունս լսեցի, սառը քրտինք եկավ վրաս, չէի հաշվառում, բայց արդեն փաստ է: Շնորհակալ եմ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկին՝ նման միջոցառում կազմակերպելու համար, շատ հետաքրքիր էր: Այսուհետ միշտ միայն Ակբայից ենք օգտվելու, չնայած հիմա էլ մշտապես օգտվում եմ, աշխատավարձս այս բանկով եմ ստանում»,-ասաց նա և ծիծաղով նշեց, որ ինքը միայն ավտոմատ փոխանցման տուփով է կարողանում վարել, պետք է ընկերներից մեկին խնդրի մեքենան տանի տուն:










