Վարդան Պետրոսյանի փաստաբանը մի շարք խախտումներ է հայտնաբերել գործում և դրանք կներկայացնի առաջիկայում

20:43 • 08.02.14

Եղվարդում 2013-ին տեղի ուենցած վթարի գործով անազատության մեջ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գործով նախաքննության ավարտից հետո, հետազոտելով իրենց տրամադրված բոլոր նյութերը, հայտնաբերել է մի շարք խախտումներ:


«Բոլոր խախտումները քողարկված են ներկայացված: Մենք մանրամասն վերլուծություն ենք արել, որոնք կներկայացնենք ավելի ուշ»,- ասաց նա:


Հարցին, թե խոսքը մասնավորապես ինչին է վերաբերում, փաստաբանը նշեց, որ իրենք կհրավիրեն մամուլի ասուլիս և բոլոր լրագրողների ներկայությամբ կներկայացնեն թե դեպքը իրականում ինչպես է տեղի ունեցել:


«Կբացատրենք նաև, թե ինչու տուժող կողմի ներկայացրած ձևով վթարը ուղղակի չէր կարող լինել, դա պարզապես չէր կարող լինել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:


Փաստաբանը նաև նշեց, որ առաջիկայում նախաքննական մարմինը գործը կուղարկի դատախազություն, որից հետո դատարան, իսկ առաջին նիստից 10-15 օր առաջ իրենք կհրավիրեն մամուլի ասուլիս:


Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: