«Մեր փողերը գնում են եսիմ ուր, եսիմ ինչու». Վանաձորում մեկնարկեց «Դ!ԵՄ ԵՄ»-ի հավաքը (տեսանյութ, լուսանկարներ)
15.38
Տանել աշխատավարձը, նշանակում է կտրել մարդու ոտքերը և ասել՝ քայլիր
Ելույթով հանդես եկավ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության երևանյան խմբի անդամ Տիգրան Մարտիրոսյանը՝ ելույթը սկսելով «Մենք ենք տերը այս երկրի կոչով»:
«Ուրախ եմ իմ հարազատ քաղաքում տեսնել նման ակտիվություն: Հաղթելու ենք, որովհետև միասնական ենք»,-ասաց նա:
Երևանյան խմբի անդամներից Արմեն Աբրոյանն էլ նկատեց, որ բազմիցս նշվել են «Պարտադիր կուտակային կենսաթոշակների» մասին օրենքին առնչվող բազում թերություններ։
«Ես չեմ կարծում, որ որևէ փորձագետ կարող է ինչ-որ փաստարկներով հաստատել այս օրենքի ճշտությունը: Մենք ճիշտ ենք, հետևաբար մենք ուժեղ ենք, ու մենք կպարտադրենք մեր իրավունքը»,– ասաց նա:
Իր հերթին Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը հիշեցրեց, որ երբ իրենք շարժումը սկսեցին, ընդամենը մի քանի հոգի էին:
«Մեզ անվանում էին մի քանի անհեթեթներ, բայց անհեթեթությունը հենց այն Կառավարությունն է, որը բերում այնպիսի օրենքներ է փաթաթում ժողովրդի գլխին, որ այլևս ապրելու ձև չլինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա արդարության պայքար է:
Վանաձորյան նախաձեռնող խմբի անդամներից մեկն էլ կարծիք հայտնեց, թե օրենքն ընդունված է թույլերին ճնշելու համար, այն աղքատացնում է ժողովրդին։
«Սա մուրճով հարված է առանց այն էլ աղքատացած ժողովրդի գլխին: Սա նշանակում է հայաթափել Հայաստանը: Օր օրի վրա ավելի են նսեմացնում մեր աշխատանքը: Տանել ժողովրդի աշխատավարձը, նշանակում է կտրել նրա ոտքերը և ասել՝ քայլիր»,- ասաց նա:
Վանաձորցի ակտիվիստը նաև նշեց, որ իրենց մոտ նույնպես պետական հիմնարկներում ներքին կարգով ստիպում են աշխատավարձերից հատկացումներ անել:
«Մենք դեմ ենք այս օրենքին: Կոչ՝ միացե՛ք, պայքարե՛ք, մի՛ մնացեք դիվանների վրա, սա ձեր աշխատավարձն է, սա միայն իմը չէ: Էսօր դանակը չի հասել ոսկորին, էսօր կտրել և անցել է այն կողմ: Դեմ ենք և՛ օրենքին, և՛ պարտադիրին, պայքարե՛ք, որովհետև հեշտ քրտինքով չեք վաստակում»,-ասաց նա:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մեկնարկեց ընդդեմ կուտակային կենսաթոշակների նոր համակարգին դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության իրազեկման երթը և հավաքը:
Վանաձորի Արցախ պուրակում այս պահին ելույթներ են ունենում նախաձեռնության անդամները:
«Ինչո՞ւ պետք է Կառավարությունը մեր փողերով լավություն անի ուրիշներին: Մեր փողերը գնում են եսիմ ուր, եսիմ ինչու»,- իր ելույթում ասաց նախաձեռնության վանաձորյան թիմի անդամ Տիգրան Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ բողոքի ակցիա էր արել Երևանում փետրվարի 6-ին։
Ուղիղ միացումը՝ Civilnet–ի
լուսանկարները՝նախախորհրդարանի










