Յուժնո-Սախալինսկի մայր տաճարում անհայտ անձը երկու մարդու է գնդակահարել
Յուժնո-Սախալինսկի մայր տաճարում պատարագի ժամանակ ներկաներից մեկը կրակ է բացել մարդկանց վրա, երկու հոգի մահացել է: Կրակողը ձերբակալվել է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Նա կրակ է բացել ուղիղ տաճարի այցելուների վրա: Այդ պահին տաճարում շատ մարդ կար, պատարագ էր ընթանում»,- պատմել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը:
«Ըստ երևույթին, կրակողը ադեկվատ չի եղել: Նրան գրեթե անմիջապես վնասազերծել են, այժմ նա գտնվում է ոստիկանությունում»,- ասել է աղբյուրը:
Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածների մեջ մայր տաճարի քահանայի մայրն է, կան վիրավորներ, որոնց թիվը հստակեցվում է:
Դեպքի վայրում աշխատում են շրջանի քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները, տաճարի շուրջ տարածքը շրջափակված է: Ներքին գործերի վարչությունը և մայր տաճարի մամուլի ծառայությունը պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն տալիս:










