Հայաստանն իր հավատարմությունն է փորձում ապացուցել Ռուսաստանին. Երվանդ Բոզոյան
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով փաստին, որ Հայաստանն ավելի արագ է իրականացնում Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացը, քան ենթադրվում է, ասաց, որ ստեղծված իրադրությունում Հայաստանն ու Ռուսաստանը, ասես, ամուսիններ լինեն, որոնցից Հայաստանը որոշել էր դավաճանել Ռուսաստանին, իսկ վերջինս էլ հարցը դրեց այսպես. կա՛մ բաժանվում ենք, կամ մտնում ես «չուլան»:
Ըստ քաղաքագետի՝ այսօր Հայաստանը մտել է «չուլան» և փորձում է ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ հավատարիմ է Ռուսաստանին:
«Ճիշտ կլիներ, որ Հայաստանը շարունակեր այն կոմպլեմենտար քաղաքականությունը, որը վարում էր մինչ այս: Պետք է խանդ չառաջացներ Ռուսաստանի մոտ: Իսկ դրա համար լավագույն տարբերակը կլիներ այն, որ չընտրեր ո՛չ Եվրոպական Միությունը, ո՛չ Մաքսային Միությունը և հավասարակշռություն պահպաներ»,– ասաց նա:
«ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցի հետ կապված մեծ դեր ունեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, եթե Հայաստանը շեղվում է կոմպլեմենտար քաղաքականությունից, դա կարող է ազդել նաև այս հարցի լուծման վրա»,- բացատրեց քաղաքագետը։
Դիտարկմանը, թե ՀՀ երեք նախագաների օրոք էլ Հայաստանը միշտ էլ վարել է ռուսամետ քաղաքականություն, քաղաքագետը ընդգծեց, որ կախվածության աստիճաններ գոյություն ունեն:
«Այս դեպքում, երբ Հայաստանը անդամակցում է ՄՄ-ին, ապա հայտնվում է բացարձակ կախվածության մեջ»- ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ ոչ կոալիցիոն չորս ուժերի առաջիկա անելիքներին՝ Երվանդ Բոզոյանը նշեց, որ վերջիններս հասարակությանը պետք է կարողանան ներշնչել պետականության փլուզումից խուսափելու գաղափարը, որի պարագայում է միայն հնարավոր փոփոխություն անել երկրում:
«Այսօր մեր հասարակությունը կիսամեռած է, ուզում եմ փախնել երկրից, որն իրենց համար նմանվել է խորտակվող նավի: Եթե այս չորս ուժերը կարողանան հասարակության ներսում առկա այս պանիկան կանխել ու ներշնչել հավատ, և եթե իրենց անձնական հարցերը մի կողմ դնեն, ապա Հայաստանում լուրջ փոփոխություններ կլինեն»,- ասաց քաղաքագետը:










