Հայ վարսահարդարները նախընտրում են աշխատել Մոսկվայում
Հայաստանից աշխատանքային միգրաnտների թվում շատ են վարսահարդարները, որոնք հատկապես հաստատվում են Մոսկվայում՝ այնտեղ իրենց ծառայությունների բարձր վարձատրելիության և պահանջարկի պատճառով:
Նշենք, որ եթե մազի կտրվածքը, մազերի հարդարումը, տարբեր նյութերով գունաթափումը Հայաստանում սկսվում են համապատասխանաբար՝ 1000–2,500, 1000-4000, 3000-10 000 դրամի սահմաններում, ապա մոսկովյան գեղեցկության սրահներում այդ գները համապատասխանաբար տատանվում են 20-35, 15-25, 50-80 ԱՄՆ դոլարի սահմաններում, այս մասին Tert.am–ը տեղեկացավ «Անկա» և «Էլադա» գեղեցկության սրահներից, որոնցից մեկական վարսահարդարներ վերջերս ընտանիքներով հաստատվել են Մոսկվայում։
Նշենք, որ նմանատիպ գներ են նաև եվրոպական երկրներում, ուր սակայն, աշխատանքային արտագաղթ կազմակերպելը շատ ավելի բարդ է:
Tert.am- ի հետ զրույցում ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը այս տեղեկությունները հաստատեց՝ ասելով. «Ոչ միայն Հայաստանից, այլ ցանկացած երկրից նման հոսքեր միշտ էլ կան, ինչը պայմանավորված է նաև աշխատավարձերի տարբերություններով: Եթե մի երկրում ավելի ցածր է, իսկ մի երկրում ավելի բարձր, մարդիկ փորձում են ավելի բարձր աշխատավարձ ստանալ: Ու ոչ միայն վարսավիրների, նաև այլ մասնագիտությունների գծով»:










