Բողոքի ակցիա.«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի աշխատակիցները դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակներին (տեսանյութեր)
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
16.44
Արհմիության նախագահի և ընկերության աշխատակիցների երկար բանակցություններից հետո, վերջիններս համաձայնեցին մոտ 20 հոգով բարձրանալ տնօրենի մոտ:
Մինչև շենք մտնելը նրանք նշեցին, որ առաջնահերթ պահանջելու են կուտակային կենսաթոշակային վճարումների համար պահումներ չանել իրենցից, բացի այդ անհրաժեշտ համարեցին բարձրացնել արտաժամյա աշխատանքների համար վարձատրության և մի շարք այլ հարցեր:
Նշենք, որ լրագրողներին թույլ չտվեցին աշխատակիցների հետ բարձրանալ տնօրինություն և ներկա գտնվել հանդիպմանը, սակայն տնօրինությունից խոստացան, որ խնդիրը կարգավորելուց հետո, անպայման, մամուլի ասուլիս կհրավիրեն:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այս պահին Տիգրան Մեծ փողոցի վրա՝ ընկերության շենքի առջև բողոքի ակցիան անցկացնում՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը, նրանց են միացել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայqարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները՝ պաստառներով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները պահանջում են, որպեսզի ընկերության ղեկավար կազմից որևէ մեկը ներքև իջնի ու պարզաբանումներ տա, թե ինչու են իրենց աշխատավարձից պահումներ արել:
Մինչ այժմ իրենց մոտեցել է միայն ընկերության արհմիության նախագահը, ով փոխանցել է տնօրինության առաջարկը՝ առանձին-առանձին մոտենան տնօրինությանը, սակայն աշխատակիցները իրենց պահանջն են պնդում իրականացնել:
Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները սպառնում են, որ եթե տնօրինությունից որևէ մեկը իրենց հետ չհանդիպի, ապա կփակեն ճանապարհը և գործադուլ կհայտարարեն:










