Կոնստանտին Էռնստը Զեմֆիրային դատով է սպառնացել
ՌԴ Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը սպառնացել է դատի տալ երգչուհի Զեմֆիրա Ռամազանովային, եթե նա հայց ներկայացնի Սոչիում Օլիմպիական խաղերի բացման ընթացքում իր երգի օգտագործման առիթով: Այդ մասին Էռնստը հայտարարել է «Էխո Մոսկվի»-ի եթերում, գրում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ Զեմֆիրան «հինգ կամ յոթ տարի առաջ» խախտել է այն ժամանակ Էռնստի գլխավորած Real Records ձայնագրման ընկերության հետ պայմանագրի պայմանները: Առաջին ալիքի գլխավոր տնօրենը նշել է, որ այդ ժամանակ նա չի դիմել դատարան, «ներել է նրան այդ խախտումը», սակայն եթե Զեմֆիրան իրականացնի իր խոստումը՝ դատարան դիմել իր երգի օգտագործման առնչությամբ, ապա գործին հնարավոր է ընթացք տրվի: Էռնստը չի մանրամասնել, թե պայմանագրի ինչ խախտման մասին է խոսքը:
Էռնստը պատմել է, որ մի քանի անգամ զանգել է Զեմֆիրային, սակայն նա չի վերցրել հեռախոսը:
«Կարծում եմ, որ Զեմֆիրայի համար, նրա կարիերայի համար շատ բան եմ արել: Եվ նման մանրախնդրությունը, կարծում եմ, նման նշանավոր երգչուհուն ուղղակի խայտառակում է»,- հայտարարել է նա և ենթադրել, որ նման խոսակցություններով Զեմֆիրան պարզապես ցանկանում է ուշադրություն գրավել իր անձի նկատմամբ մարզական իրադարձության շուրջ հետաքրքրության ֆոնին:
Զեմֆիրան փետրվարի 7-ին իր կայքում հայտարարություն էր հրապարակել Օլիմպիական խաղերի բացման ժամանակ հնչած իր երգի առնչությամբ՝ ասելով, որ Առաջին ալիքը, որը հեռարձակել է միջոցառումը, «անտեսել է բոլոր հնարավոր պայմանավորվածությունները» և խախտել է հեղինակային իրավունքները: Այնուհետև, սակայն, Զեմֆիրայի հայտարարությունը հեռացվել է կայքից:










