BBC-ն բացահայտել է Բրիտանիայում կրթական վիզաների հետ կապված խարդախությունը

17:40 • 10.02.14

Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը կասեցրել է անգլերենի թեստերի հանձնումը, որն իրականացնում է Educational Testing Service ընկերությունը, երբ BBC-ի «Պանորամա» ծրագիրը բացահայտել է կրթական վիզաներ ստանալիս խարդախության փաստեր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Եվրամիության սահմաններից դուրս գտնվող երկրներից Բրիտանիա այցելած և երկրում մնալ ցանկացող որոշ ուսանողների համար հավելյալ վճարի դիմաց լեզվական թեստերը հանձնել են հատուկ մարդիկ: ETS ընկերությունը համարվում է ողջ աշխարհում անգլերենի իմացության քննություններ կազմակերպող խոշոր ընկերություններից մեկը:

 

Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը «Պանորամայի» հավաքած ապացույցները «ցնցող» է անվանել: Այդ տվյալները լրագրողները հավաքել են թաքնված տեսանկարահանման միջոցով:

 

BBC-ի հետաքննության անցկացմանն օգնել են Բրիտանիայում օրինական գտնվող ուսանողները: Նրանք ձևացրել են, թե լավ չեն տիրապետում անգլերենին և ցանկանում են մնալ երկրում՝ անօրինական աշխատանք գտնելու նպատակով: Իմիգրացիոն հարցերով խորհրդատվական ծառայություններ անցկացնող ընկերություններից մեկն այդպես օգնել է անցնել քննությունը. գրավոր և բանավոր քննությունները թեկնածուների փոխարեն հանձնել են հատուկ մարդիկ:

 

Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել պոտենցիալ ներգաղթյալների համար թեստերի հանձնումը, իսկ նրանց համար, ովքեր արդեն գրանցվել են թեստավորման համար, առաջարկվում է կապվել ETS-ի հետ՝ գումարային փոխհատուցում ստանալու նպատակով: