ԿԺԴՀ-ն թույլ չի տվել ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչին երկիր այցելել
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը հետ է կանչել ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Քինգի հրավերը, ով պատրաստվում էր Փհենյան այցելել ամերիկացի Քենեթ Բեյի հնարավոր ազատ արձակման հարցը քննարկելու նպատակով, գրում է Взгляд-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Մենք խորապես հիասթափված ենք ԿԺԴՀ-ի որոշումից՝ երկրորդ անգամ չեղյալ հայտարարել Փհենյան այցելել պատրաստվող ներկայացուցիչ Քինգի հրավերը: 2013 թվականի մայիսին ԿԺԴՀ-ի իշխանությունները հրապարակայնորեն հայտարարել էին, որ չեն օգտագործի Քենեթ Բեյի ճակատագիրը քաղաքական նպատակներով»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Մերժման պատճառները չեն հստակեցվում, սակայն չի բացառվում, որ հյուսիսկորեական իշխանությունների որոշումը կարող է կապված լինել ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունների անցկացման հետ:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ում ամերիկացի կալանավորի ընտանիքի խնդրանքով հասարակական գործիչ Ջեսի Ջեքսոնը պատրաստակամություն էր հայտնել ԿԺԴՀ ժամանել հումանիտար առաքելությամբ:
Քենեթ Բեյը ԿԺԴՀ է մեկնել 2012 թվականի նոյեմբերի 3-ին՝ որպես զբոսաշրջիկ: Նա ձերբակալվել է «պետության դեմ» հանցագործությունների իրականացման համար կասկածանքով:










