«Մարտի 1-ի» հանրահավաքը լինելու է առանցքային, որից հետո մարդիկ շատ ավելի պահանջատեր են դառնալու. Լյուդմիլա Սարգսյան

18:55 • 10.02.14

«Հայ ազգային կոնգրես»-ի՝ մարտի մեկին հրավիրված հանրահավաքը շատ ավելի մարդաշատ է լինելու և լինելու է այն առանցքային հանրահավաքը, որից հետո հասարակությունը շատ ավելի պահանջատեր է դառնալու: Չի բացառվում, որ այն կարող է սկիզբը լինել հանրահավաքային շարքի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նման ակնկալիք հայտնեց վերակազմավորյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

 

«Քանի որ երկրում խնդիրները այնքան են հասունացած, որ մարդիկ ոչ միայն գալու են հարգելու անմեղ զոհերի հիշատակը և կարևորում են «Մարտի մեկը», այլ գալու են իրենց հարցերի լուծումները փնտրելու և նաև պատասխաններ ակնկալելու, թե ինչպե՞ս կարելի է երկրում խնդիրները լուծել և հասնել բարեփոխումների»,-ասաց նա:

 

Ի պատասխան հարցադրման, թե նախորդ տարի ևս հայտարարվեց, որ ՀԱԿ-ի ավանդական մարտիմեկյան հանրահավաքով հանրահավաքային սեզոնի մեկնարկն է տրվելու, ինչը տեղի չունեցավ գուցե պատճառով, որ այն ժամանակ ՝ նախագահական ընտրություններից հետո ասպարեզում Րաֆֆի Հովհաննիսյանն էր, վերակազմավորյալ ՍԴՀԿ-ի ատենապետը համաձայնեց՝ ասելով. «Չեմ ուզում մեկը մյուսի հետ պայմանավորել, բայց այո, կար նման բան…: Մենք չէինք ուզում խանգարել ընտրված թեկնածուին, և քանի որ նա պրոցեսներ էր տանում և իշխանությունից ակնկալում էր Սահմանադրական դատարանի միջոցով փոփոխություն և իր նախագահության ճանաչումը: Բնականաբար, այնտեղ արդեն այլ խնդիրներով հանդես գալը կարծում եմ այնքան էլ ճիշտ չէր լինի: Եվ հրապարակը զիջվեց, տրամադրվեց իրենց: Նա հնարավորություն ուներ այդ ալիքը բարձրացնելու»:

 

ՀԱԿ պատգամավորը նշեց, ի պատասխան հարցի, թե ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների համատեքստում հնարավո՞ր է, որ նրանք էլ դառնան հավաքի կազմակերպիչ, Լյուդմիլա Սարգսյանը արձանագրեց, որ մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների հիմնական պահանջատերը ՀԱԿ-ն է, որը պաշտոնապես նման առաջարկ չի արել, բայց նաև չբացառեց, որ «Ժառանգությունից», Դաշնակցությունից և «Բարգավաճ Հայաստանից» բոլոր մտահոգ մարդիկ ներկա կլինեն:

 

Լյուդմիլա Սարգսյանը հավելեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին հանդես կգա ելույթով:

 

«Դրանք մշտապես փայլուն ելույթներ են լինում, պարտադիր չէ քաղաքագիտական լինի, վստահ եմ ավելի քան, որ դա քաղաքական երևույթ է լինելու և մենք կստանանք մեր բոլոր հարցերի պատասխանները»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը: