Տապալվել է «Անուշ» օպերային ներկայացումը՝ «կուտակային»-ի դեմ Օպերայի անձնակազմի բողոքի ակցիայի պատճառով. (թարմացված, տեսանյութ)
19.51
____________________________
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Օպերայի աշխատակիցների բողոքի ակցիայի պատՃառով տապալվել է «Անուշ» օպերայի ներկայացումը: Այժմ, երբ հանդիսատեսները դուրս են գալիս թատրոնի շենքից, «Դ!եմ եմ»-ի ակտիվիստները իրազեկում են նրանց, թե ինչու տեղի չի ունեցել ներկայացումը: Հանդիսատեսներից ոմանք միացել են նրանց և վանկարկում են «դե՛մ ենք», «դե՛մ ենք»:
«Դ!եմ եմ»-ի ակտիվիստներին ու լրագրողներին մոտեցան կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ արտահայտվող աշխատակիցները և հայտնեցին, որ տնօրինությունն իրենց հայտնել է, որ գումարները պահված են, սակայն փոխանցված չեն մինչև մարտի 28-ը, երբ Սահմանադրական դատարանը կընդունի օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության մասին վճիռ:
Օպերայի մոտ հավաքը վերածվել է փոքր հանրահավաքի:
Tert.am-ի հետ զրույցում տապալված ներկայացման հանդիսատեսներից ոմանք հայտնեցին, որ թատրոնի տնօրինությունն իրենց հայտնել է, որ ներկայացումը հետաձգվել է դերասաններից մի քանիսի վատառողջ լինելու պատճառով:
Իսկ այդ ընթացքում «Դ!եմ» եմ» նախաձեռնության անդամները նրանց հայտնեցին, որ դերասանները ոչ մի առողջական խնդիր չունեն և թատրոնի հետնամուտքից դուրս են եկել: Իսկ բողոքի ակցիայի մասնակից դերասանները Tert.am–ին տեղեկացրին, որ պատրաստ են և անելու են գործադուլ, մինչև որ իրենց վերադարձվեն պահված գումարները:
Նրանք տեղում որոշում կայացրին, որ վաղը ոչ թե շենք են մտնելու, այլ հավաքվելու են շենքի դիմաց՝ արտահայտելու իրենց բողոքը:



19.17
___________________________________________________________________________________________
Այսօր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացնում նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Այս մասին Tert.am-ին հայտնեցին կենսաթոշակներին վերաբերող օրենքի որոշ դրույթներին դեմ հանդես եկող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Դեմ են միայն պարողները: Այս պահին ես զրուցում եմ նրանց հետ: Ասեմ, որ մենք պահումները կատարել ենք, բայց չենք փոխանցել, մենք սպասելու ենք մինչև մարտի 28-ը, հետո նոր որոշումը ոնց կլինի, ըստ այդմ կանենք: Մենք էդ փողը պահում ենք, մինչև որ տեսնենք՝ օրենքը ինչպես կասի, այնպես էլ կանենք»:
Նշենք, որ «Դ!եմ եմ» նախաձեռնության Facebook-ի էջում խմբի անդամները կոչեր են հնչեցնում՝ շարժվել դեպի Օպերա և միանալ նշված բողոքի ակցիային:
Նշենք նաև, որ լրագրողներին թույլ չեն տալիս շենք մուտք գործել՝ աշխատակիցների հետ զրուցելու համար:
Հիշեցնենք, որ այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ ևս Տիգրան Մեծ փողոցի վրա՝ ընկերության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրին՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:










