Դպրոցներում ուսումնաօժանդակ անձնակազմի կրճատումը՝ դժգոհության պատճառ

09:14 • 10.02.14

 

Հայաստանի դպրոցներում, մասնավորապես մարզերի ու սահմանամերձ համայնքների դպրոցներում վարչական, ուսումնաօժանդակ ու տնտեսական անձնակազմերի կրճատումները դժգոհության պատճառ են դարձել: Միայն Տավուշի մարզում, որտեղ ավելի քան 40 փոքր դպրոցներ կան, կրճատվել է 170 հաստիք, գրեթե նույնքան էլ Գեղարքունիքի մարզում է։


Ըստ Տավուշի մարզպետարանի Աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի՝ այդ կրճատումներն ուղղված են ուսուցիչների դրույքների բարձրացմանը. «Ինչո՞ւ ուսուցիչը ստանա այնքան, որքան նա, ով պարապ-սարապ ման է գալիս դպրոցում»։


Tert.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի գործավարը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ իրենց դպրոցում, որում աշակերտների թիվը գերազանցում է 300-ը և կա միայն մեկ գործավար՝ իր հաստիքը նույնպես կրճատվել է։


«Ուզում եմ կոնկրետ իմանալ, թե հիմնական դպրոցներում, ի՞նչ թվի դեպքում է գործավարի, լաբորանտի կամ օպերատորի հաստիքները կրճատվում»,-նշեց նա։


Տավուշի մարզի դպրոցներից մեկի ուսմասվարն էլ, ով նույնպես չներկայացավ, նշեց, որ կրճատումներն արվում են անարդար սկզբունքով։ «Բոլորին հայտնի է, թե դպրոցներում, հատկապես ավելի փոքր թվով աշակերտների դեպքում, ինչքան շատ են աշխատանքի տեղավորվում տնօրենների բարեկամները նույն ուսումնաօժանդակ աշխատանքներում՝ գործավար, լաբորանտ։ Լավ են անում, թող աշխատեն, ես ոչ մի բան չեմ ասում, բայց ինչի՞ նրանցից չեն կրճատում ու կրճատում են ինձ»,- դժգոհեց տիկինը։


Բացի այդ նա նշեց, թե իրեն «վերաբերվեցին ինչպես օգտագործված իրի հետ»։ «Երբ ընտրություններն էր, նույն տնօրենը ցուցակը ձեռքս էր տվել, թե այսքան ձայն բեր: Դե ես էլ ի՞նչ կարող էի անել, պահանջված չափով աշխատեցինք և իրենց ուզած արդյունք էլ ապահովեցինք, իսկ հիմա եկել են, ասում են՝ քո աշխատավարձը կրճատվում է: Ես այդ գումարով ինչպե՞ս տուն պահեմ, բա դա՞ էր իրենց խոստացած ապահով Հայաստանը, կամ ինչո՞ւ երեխաների թիվը պետք է այսքան նվազի, էտ ո՞ւմ մեղքով են պակասել, կարողա՞ իմ, որ ինձ են կրճատում, իսկ իրենցը ավելացնում»,- դժգոհեց նա։


Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանի հետ կապ հաստատել չստացվեց, փոխարենը Tert.am-ը զրուցեց Տավուշի մարզպետարանի Աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանի հետ: Վերջինս պնդեց, թե կոնկրետ անձանց կրճատումներ չկան, իսկ կրճատումները կապված են աշակերտների թվի նվազման հետ՝ ըստ Կառավարության որոշման և նախարարների հրամանով սահմանված կարգի։


Կոնկրետ գործավարի հարցով Փաշինյանը նշեց, որ մեծ դպրոցներում նույնությամբ պահել են, փոքրերում դարձրել են 0.5 դրույք։ Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ մեծ դպրոցներ են 300-ից ավել աշակերտներ ունեցողները։


«Մի այսպիսի խնդիր էլ կա, օրինակ, եթե 298 -ը կարողանում է տեղավորվի՝ նրան բան ասող էլ չկա, իսկ ով որ չի կարողանում տեղավորվի, այդտեղ հաստիքի կրճատում է լինում, որպեսզի այդ տեղավորման հաշվին նպատակաուղղվի ուսուցչի աշխատավարձի բարձրացմանը»,- ասաց նա։


Աշոտ Փաշինյանը բացատրեց, թե ինչու կոնկրետ իրենց մարզերում են նման մեծ ծավալ կազմում կրճատումները։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Գեղարքունիքը և Սյունիքը սահմանամերձ շրջաններում ունեն 40-ից ավելի սահմանամերձ փոքր դպրոցներ, որտեղ աշակերտների թիվը 25 է, 30 կամ 40 է:


«Բնականաբար այդ դպրոցները մի հնարով պահում ենք. դե պատկերացրեք` նույն թվով գումար է տրվում և՛ 20 աշակերտ ունեցող դպրոցի կոլեկտիվին, և՛ 80 աշակերտ ունեցողին, երբ առաջինի դեպքում մեկ աշակերտի համար տարեկան 100 հազար դրամ է հատկացվում, այսինքն՝ 20 հոգանոց դպրոցի համար մոտ 2 մլն դրամ, իսկ 80-ի դեպքում 8 մլն։ Այս փոքր դպրոցների պահպանման ծախսը չի կարող նույնը լինել, և որպեսզի մարդ չկրճատվի, ասում ենք, եթե 300 աշակերտ ունեցողը 3 հավաքարար է պահում, լավ է անում, բայց 20 աշակերտ ունեցողի համար տարածքն էլ քիչ է, երեխաներն էլ են քիչ, ասում ենք հանկարծ չկրճատես, սարքես 05-05։ Կամ տնտեսվարը, 30 հոգանոց ու 300 հոգանոց դպրոցում, իհարկե, անելիք ունի, բայց ինչո՞ւ նույն աշխատավարձով վարձատրվի»,- նշեց նա։


Ըստ նրա՝ ուսումնաօժանդակ աշխատանք կատարողի ստացած գումարը պետք է այդքան չլինի, այդ գումարը պետք է գնա ուսուցչին: «Ուսուցչի դրույքը բարձրացրեք, մանավանդ, որ փոքրերի դպրոցում երկկոմպլեքս է, ինչո՞ւ նա ստանա այնքան, ինչքան նա, ով պարապ-սարապ ման է գալիս դպրոցում։ Սա է եղել դժգոհությունը և դժգոհությունը նրանից է գալիս, որ իմ աշխատավարձը պակասեց: Մենք էլ ասում ենք չպակասեց է, դեռ շնորհակալություն հայտնի, որ չեղած տեղը այս քանի տարի 100 հոգանոց դպրոցը դարձել է 20 ու նույն աշխատավարձն է ստանում»,-ասաց նա։


Նման կրճատումների խնդիրն ըստ նրա Երևանում չի զգացվում, քանի որ այստեղ դպրոցները 99 տոկոսով ունեն 300-ից ավելի աշակերտ։ «Նույնիսկ դպրոց կա, որ 2000 աշակերտ ունի։ Իսկ մեր դեպքում խնդիրը նրանում է, որ ուսուցչական համակարգը գնալով նվազել է, ու ինչքան էլ ուզենանք փրկենք, պահել չենք կարող, այդ պատճառով ասում ենք՝ գոնե ուսուցչին պահենք։ Այս սուտի-մուտի հաստիքները խանգարում են աշխատավարձը բարձրացնելուն»,- նշեց նա։


Ի լրումն, Աշոտ Փաշինյանը տեղեկացրեց, որ հաստիքի կրճատվելու դեպքում նվազագույն աշխատավարձը կազմում է շուրջ 30.000 դրամ։


Նշենք, որ խնդրին անդրադարձել է նաև Կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե դպրոցներում կրճատումներն արդարացված են, միաժամանակ հավելել, թե դրանք պետք է լինեն նաև ԱՐԴԱՐ։