Նյու Յորքում ձերբակալվել է աքլորակռիվների 9 կազմակերպիչ

14:19 • 10.02.14

Նյու Յորքում աքլորակռիվների կազմակերպման վայրերը բացահայտելու նպատակով իրականացված ստուգումների արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 70 հոգու և փրկել մոտ 3 հազար աքլորի, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily News-ին:

 

Թերթի տեղեկություններով՝ անցած հանգստյան օրերին Նյու Յորքի իրավապահ մարմիններն իրականացրել են «Angry Birds» խոշոր գործողությունը, որի ընթացքում աքլորակռիվներ են դադարեցվել Նյու Յորքի Բրուքլին, Քվինս և Օլսթեր շրջաններում:

 

Գործողության շրջանակներում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ինը մարդու: Վեց ձերբակալվածի ներկայացվել է կենդանիների անօրինական կռիվների կազմակերպման մեղադրանք: ԱՄՆ-ում այդ հանցագործության համար առավելագույն ժամկետը նախատեսված է մինչև չորս տարի ազատազրկում և 25 հազար դոլարի տուգանք:

 

Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանի խոսքով՝ աքլորակռիվները դաժան և բարբարոսական պրակտիկաներ են, որը վտանգում է կենդանիների, ինչպես նաև բնակչության առողջությունն ու անվտանգությունը: