«Ակօս»-ը դիմել է Ստամբուլի գլխավոր դատախազություն՝ կայքը կոտրելու և խմբագրին սպառնալու համար

16:52 • 11.02.14

«Ակօս» շաբաթաթերթի փաստաբան Հաքան Բաքիրջըօղլուն թերթի կայքը կոտրելու և խմբագիր Ռոբեր Քոփթաշի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքերի վերաբերյալ դիմել է Ստամբուլի գլխավոր դատախազություն, հայտնում է թերթի կայքը։

 

Հունվարի 20-ին և 25-ին agos.com.tr կայքը կոտրվել էր անհայտ անձանց կողմից։ 2014թ.-ի հունվարի 20-ին կայքում գրություն էր տեղադրվել, որում ասվում էր, որ աշխարհում եթե միայն մի թուրք մնա, հետապնդելու է հայերին։

 

Այդ հարձակումներից հետո թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը Twitter-ի իր հաշվին հայհոյանքներ և սպառնալիքներ է ստացել։ «Հերթը քեզ է հասնելու, զգո՛ւյշ եղիր։ Գալու է օրը, երբ բոլորիդ կախելու ենք Ղարաբաղում»,- գրել էին նրան։

 

Հայ խմբագրի հասցեին անվայելուչ արտահայտություններ և հայհոյանքներ էին հնչել։ «Արժանի ես մահվան»,-գրել էր անհայտ անձը։

 

Փաստաբանը դեպքերի կապակցությամբ դիմել է դատախազություն՝ խնդրելով բացահայտել հանցագործներին։