Apple-ի ղեկավարի հետ հարևանությունը գնահատել են 2,8 միլիոն դոլար
ԱՄՆ Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքում վաճառքի է հանվել Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկի առանձնատան հարևանությամբ գտնվող տունը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Forbes-ին: Անշարժ գույքն առաջարկվում է 2,849 միլիոն դոլարով:
Վաճառողը ներդրող Բիլ Մարիսն է: Նա գնել է տունը 2010 թվականի վերջին՝ 1,98 միլիոն դոլարով: Այդ ժամանակ հարևան առանձնատունը ձեռք է բերել Թիմ Կուկը:
Գործարարներն ապրել են հարևանությամբ մոտ երկու տարի, ինչից հետո Մարիսը տեղափոխվել է Google ընկերության կամպուսին ավելի մոտ: Պալո Ալտոյի տունը նա հանձնել է վարձակալության և այժմ որոշել է վաճառել:
Երկհարկանի տան ընդհանուր մակերեսը գերազանցում է 190 քառակուսի մետրը: Այնտեղ կա չորս ննջասենյակ, երեք լոգարան, հյուրասենյակ, մարզասրահ և ավտոտնակ:










