«Ժառանգությունն» ու «Բարգավաճ Հայաստանը» գազային համաձայնագրերը կքննարկեն միայն ժամանակավոր հանձնաժողովի ձևաչափով

22:31 • 11.02.14

«Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները անիմաստ են համարում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուց բացի այլ ձևաչափով «գազային» համաձայնագրերը քննարկելը:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք համաձայն կլինեն հարցը քննարկել խորհրդարանական կամ հասարակական լսումների ընթացքում, նշեց, որ այդ խնդիրը իրենք համարում են լրջագույն ու հրատապ, որով պետք է զբաղվի ժամանակավոր հանձնաժողովը և լրջագույն ուսումնասիրություն կատարի:

 

«Մենք խորհրդարանում հարցի հետ կապված մեր տեսակետներն արդեն արտահայտել ենք ու հիմա նորից գալ ու ներկայացնել խորհրդարանական լսումների կամ աշխատանքային նիստի ընթացքում, ուղղակիորեն ոչինչ չի տալու, և դա խնդրի լուծում չէ: Պետք է ստեղծվի հանձնաժողով, ներգրավվեն լուրջ մասնագետներ, պետք է 3 հիմնարար հարցերը ստանան իրենց պատասխանները՝ որտեղի՞ց է կուտակվել 300 մլն դոլար պարտք, ինչո՞վ է բացատրվում այն հսկայական տարբերությունը, որը առկա է սահմանին վճարվող գնի և աբոնեմենտին տրվող գնի միջև և ինչո՞ւ կնքվեց մի պայմանագիր, համաձայն որի՝ մինչև 2043թ-ը պահպանվում է անընդունելի ստատուս քվո ՀՀ-ի համար»,-ասաց նա:

 

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն «որևէ իմիտացիոն գործընթացի չի մասնակցելու»:

 

Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը նախորդ շաբաթ տեղի ունեցած ԱԺ քառօրյային մերժեց խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի՝ ժամանակավոր հանձնաժողով նախաձեռնությունը՝ «գազային» համաձայնագրերը քննարկելու նպատակով: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով նույն հարցին նշել էր. «Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը և մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար՝ ժամանակավոր, ստեղծելու ենք և բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»: 

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք դեռևս որևէ առաջարկություն չեն ստացել, սակայն ընդգծեց, որ որևէ տեսակի հասարակական լսումների մասին խոսք լինել չի կարող, քանի որ տեղի է ունեցել օրենքի բացահայտ խախտում:

 

«Եթե խոսքն այն մասին է, թե ինչպես ենք պատկերացնում այս հարցը, մենք այդ մասին ասել ենք դեռևս արտահերթ նիստին: Բայց պաշտոնապես որ իշխանությունը ինչ-որ բան է նախաձեռնում, ինչ-որ քննարկում և այլն, որևէ առաջարկություն չենք ստացել, իսկ եթե չեմ ստացել, մեկնաբանել չեմ կարող: Իսկ հասարակական լսումներն անիմաստ են, դրանք ի՞նչ կարող են տալ»,-ասաց նա: