Բուլղարիայի բեռնափոխադրող ընկերություններն արգելափակել են Թուրքիայի հետ սահմանը
Բուլղարական բեռնափոխադրող ընկերությունները փակել են Թուրքիայի հետ սահմանը բեռնատար ավտոմեքենաների համար, հայտնում է Deutsche Welle-ն։
Արդյունքում փետրվարի 10-ին սահմանամերձ Կապիտան-Անդրևո գյուղի մոտ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Մակեդոնիայից և Իրանից բեռնատարների 4 կմ-ոց խցանում է առաջացել։ Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի կողմից սահմանին ավելի քան 700 բեռնատար է կանգնած։
ИТАР-ТАСС գործակալությունը հայտնում է, որ ճանապարհը բաց է միայն ուղևորատար մեքենաների, ավտոբուսների և արագ փչացող ապրանքներով բեռնատարների համար։
Նման ծայրահեղ գործողությունները պայմանավորված են տրանսպորտային ծառայությունների շուկայում մեծ մրցակցությամբ։ Տարանցիկ ուղիների համար 250 հազ. թույլտվությունից 2014թ. Թուրքիան ստացել է Բուլղարիայից միայն 5 հազ. լիցենզիա։ Ընդ որում՝ այդ թույլտվություններն արդեն օգտագործվել են։
Սահմանի շրջափակումը կազմակերպվել է՝ հակառակ նրա, որ Միջազգային փոխադրողների միությունը որոշել էր խիստ միջոցներ չընդունել մինչ Բուլղարիայի և Թուրքիայի տրանսպորտի նախարարների փետրվարի 21-ին նախատեսված բանակցությունների արդյունքները։
Բացի այդ, բուլղարացի փոխադրողները սպառնում են 3 օրից փակել բեռնատարների ճանապարհը Սոֆիայում, եթե խնդիրը չլուծվի։










