Ֆիդել Կաստրոյի պաշտոնական լուսանկարներից հեռացրել են լսողական սարքը

10:46 • 11.02.14

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի պաշտոնական լուսանկարներից հեռացրել են լսողական սարքը: Նման հայտարարությամբ երկուշաբթի հանդես է եկել Associated Press գործակալությունը, որը ստացել է Կաստրոյի մշակած լուսանկարները Estudios Revolucion կուբական ֆոտոգործակալությունից, գրում է lenta.ru-ն:

 

AP ֆոտոծառայության ներկայացուցիչների խոսքերով՝ մշակման հետքերը հայտնաբերվել են Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեայի հետ Ֆիդել Կաստրոյի հանդիպման ժամանակ արված լուսանկարներում: Այդ լուսանկարների հեղինակը՝ Ֆիդել Կաստրոյի որդին՝ Ալեքսը, AP-ի խնդրանքով գործակալությանն է փոխանցել այս լուսանկարներից մեկի օրիգինալը: Ալեքս Կաստրոյի ներկայացրած լուսանկարում հստակ երևում է Կաստրոյի ականջին ամրացված սարքը, մինչդեռ Estudios Revolucion-ի ներկայացրած նույն լուսանկարում լսողական սարքի որևէ հետ չկա:

 

Ալեքս Կաստրոն, լինելով վերջին մի քանի տարիներին իր հոր լուսանկարների մեծ մասի հեղինակը, հայտնել է AP-ին, որ լուսանկարում փոփոխություններն արվել են առանց իր իմացության:

 

Գործակալությունը հեռացրել է միջամտության հետքերով Կաստրոյի յոթ լուսանկարներն իր ֆոտոբանկից և սկսել է ֆոտոբազայում պահվող Կաստրոյի վերջին տարիներին արված բոլոր լուսանկարների ստուգումը: