ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն Ուկրաինայի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ է ընդունել
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը «թիրախային» պատժամիջոցներ է սահմանում Ուկրաինայում խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառողների դեմ։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, օրինագծին կողմ է քվեարկել 381 կոնգրեսական, իսկ դեմ՝ միայն 2-ը։ Հաղորդվում է, որ փաստաթուղթն աջակցություն է հայտնում ուկրաինացի ժողովրդի ժողովրդավարական ու եվրոպական ձգտումներին։
Օրինագծի հեղինակները կոչ են արել ԱՄՆ-ին ու Եվրոպային շարունակել համատեղ աշխատանքն Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հարթելու համար ու աջակցել միլիոնավոր ուկրաինացիների՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման միջոցով Եվրոպայի հետ առավել սերտ կապեր պահպանելու ձգտմանը։
Բացի այդ, օրինագիծը կոչ է անում Ուկրաինայի կառավարությանը, ընդդիմությանն ու բողոքի ցույցերի մյուս մասնակիցներին խուսափել բախումներից։ Մասնավորապես իշխանություններին կոչ է արվում կատարել միջազգային պարտավորություններն ու հարգել սեփական քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները։
Կոնգրեսականները փաստաթղթում ընդգծել են, որ եթե իշխանությունները շարունակեն բռնություն կիրառել ցուցարարների դեմ, ապա ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր որևէ կերպ կապ ունեն ուժի կիրառման հետ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են անցած տարվա նոյեմբերից ի վեր, երբ կառավարությունը հայտարարեց եվրաինտեգրման գործընթացի կասեցման ու Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին։










