Արաբական Միացյալ Էմիրություններում փոստը հասցնելու համար անօդաչու սարքեր կօգտագործվեն (տեսանյութ)
Արաբական Միացյալ Էմիրությունները նախատեսում են քաղաքացիներին պաշտոնական փաստաթղթեր ուղարկել անօդաչու թռչող սարքերի միջոցով, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Սարքն ստեղծվել է կառավարության պատվերով, և աշխարհում առաջին նման նախագիծն է։ Անօդաչու-փոստատարի նախագծողը տեղացի ինժեներ Աբդուլրահման ալ Սերքալն է։
Անօդաչու սարքի արդյունավետության փորձարկումը տեղի է ունենալու Դուբայում՝ 6 ամիսների ընթացքում, ինչից հետո համակարգը մտցվելու է երկրի ողջ տարածքում։
Առաջին հերթին անօդաչուները հասցնելու են անձը հաստատող փաստաթղթերը, վարորդական իրավունքները, տարբեր որոշումներ։
Փոստային անօդաչուները սպիտակ գույնի են և զարդարված են էմիրությունների դրոշի պատկերով ու նման են թիթեռնիկի։
Հատուկ համակարգի շնորհիվ մատնահետքի և աչքի ցանցաթաղանթի սկանավորման միջոցով փաստաթղթերն ապահով հասնելու են այն մարդկանց, որոնց ուղարկվել են։










