Քեթրին Էշթոնը ԱՄՀ ղեկավարի հետ կքննարկի Ուկրաինայի ֆինօգնության հարցը
ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներակայացուցիչ Քեթրին Էշթոնը փետրվարի 13-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդի հետ կքննարկի իրավիճակը Ուկրաինայում:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Բրյուսելում:
«Հինգշաբթի ես պատրաստվում եմ մեկնել Վաշինգտոն, որտեղ կհանդիպեմ Քրիստին Լագարդի հետ: Հանդիպման թեմաներից մեկը կլինի Ուկրաինայում իրավիճակի քննարկումը», - հայտնել է Էշթոնը:
ԱՄՆ կատարելիք այցի մասին խոսելիս Էշթոնը նշել է նաև «Ուկրաինային հնարավոր տնտեսական օգնություն հատկացնելու մասին»: Նրա խոսքով՝ ԵՄ-ը կարող է օգնել Կիևին հաղթահարել լուրջ ֆինանսական խնդիրները, սակայն միայն անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ նկատելու դեպքում:










