Վերջին 20 տարում առաջին անգամ Ֆրանսիայի նախագահը պետական այցով մեկնել է ԱՄՆ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի պետական այցով ժամանել է ԱՄՆ: BBC-ն նշում է, որ սա Ֆրանսիայի նախագահի առաջին նման այցն է վերջին 20 տարում:
Այցը տեղի է ունեցել ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունների բարելավման ֆոնին, որոնք վատթարացել էին 2003-ին՝ Իրաք կատարած ներխուժումից հետո:
Օլանդի այցի հիմնական նպատակը տնտեսական հարաբերությունների բարելավումն է:
Օլանդն ու Օբաման միասին այցելել են ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի տուն-թանգարան: Ջեֆերսոնը ԱՄՆ-ի առաջին դեսպաններից մեկն է եղել Փարիզում:
Այսօր սպասվում են բարձր մակարդակով մի շարք միջոցառումներ: Սպասվում է Օլանդի այցը Սիլիկոնյան հովիտ:
Այսօր նախագահների բանակցությունները նվիրված կլինեն ԱՄՆ-Ֆրանսիա գործարար կապերին, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնությանը, Սիրիայի պատերազմին:
Օլանդն ԱՄՆ է այցելել առանց իր կողակցի, որից բաժանվել էր վերջերս, սա անհարմար իրավիճակ է ստեղծել, քանի որ նրա նախկին կողակցի` Վալերի Տրիերվեյլերի անունն արդեն իսկ տպագրված է եղել բոլոր ծրագրերում ու հրավիրատոմսերում:










