Հարյուր հազարավոր իրանցիներ երթով նշում են Իսլամական հեղափոխության 35-ամյակը
Հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են Իրանի մայրաքաղաքի փողոցներում` երթով նշելու Իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձը, հայտնում է Al Jazeera-ն:
Աղբյուրը նշում է, որ նույն առիթով Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդես է եկել ավանդական հակաամերիկյան ելույթով՝ չնայած Արևմուտքի հետ հարաբերությունների զգալի բարելավմանը. սա նրա առաջին մասշտաբային ելույթն է 2013-ի օգոստոսին նախագահ ընտրվելուց ի վեր:
Անդրադառնալով Իրանի` սահմանադրական միապետություն լինելու շրջանին, Ռոհանին ասել է, որ այն ժամանակ մարդկանց քվեն ոչ մի դեր չուներ երկիրը կառավարելու հարցում: Նա մասնավորապես մեղադրել է մեծ տերություններին, որոնք միջամտել են Իրանի գործերին, իսկ ԱՄՆ-ի մասին ասել է, թե այդ երկրին թվում էր` Իրանն իր սեփականությունն է:
Իրանում 1979-ի Իսլամական հեղափոխությունը սկսվել է ԱՄՆ-ի դաշնակից շահի տապալումից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սովորական իրանցիների կարծիքով` Իրան - ԱՄՆ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դեռ շատ քայլեր կան անելու: Նրանց շարքերում հնչել են նաև այսպիսի կարգախոսներ. «Մենք կդիմակայենք մինչև վերջ» ու «Մենք պատրաստ ենք մեծ պայքարի»:










