Մեքսիկան, Կոլումբիան, Չիլին ու Պերուն իրենց Մաքսային միությունն են ստեղծել

15:46 • 11.02.14

Լատինական Ամերիկայի 4 երկրներ, որոնք ընդգրկված են Խաղաղօվկիանոսյան դաշինքում՝ Մեքսիկա, Կոլումբիա, Չիլի և Պերու, համատեղ առևտրում գրեթե բոլոր մաքսերը չեղյալ համարելու մասին արձանագրություն են ստորագրել, գրում է newsru.com-ը։

 

Փաստաթուղթը ստորագրվել է փետրվարի 10-ին Կոլումբիայի Կարտախենա քաղաքում։ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն արդեն համաձայնագիրն անվանել է ամենանորարարականը՝ 1994-ին Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի միջև Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից ի վեր։

 

«Մենք մտադիր ենք շրջանն առավել մրցունակ դարձնել։ Դա հնարավորություն կտա մեր երկրներին ավելի շատ աշխատատեղեր ստեղծել, ավելի դինամիկ կդարձնի առևտուրը, ծառայությունները և մարդկանց տեղաշարժը»,- ասել է Պենյա Նյետոն։