Օպերայի՝ ցույցի ելած աշխատակիցները տեղյակ չեն եղել, որ իրենց աշխատավարձերը բարձրացել են. տնօրեն (տեսանյութ)

18:19 • 11.02.14

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը խոստանում է, որ եթե Սահմանադրական դատարանը մարտի 28-ին հակասահմանադրական ճանաչի «Պարտադիր կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի վիճահարույց դրույթները, իրենք աշխատողների աշխատավարձերից պահված գումարներն անմիջապես ետ կվերադարձնեն:

 

«Եթե որոշվեց, որ օրենքն ուժի մեջ է մտնում, միանգամից մարդկանցից չենք կարող երեք ամսվա գումար պահել, իսկ եթե հակառակը լինի, մեկ մարդու նման բոլորը կստանան իրենց գումարները։ Գումարները թատրոնում են, հաջորդ օրն անմիջապես բոլորը կստանան: Մենք պարտավոր ենք մեր օրենքներին ենթարկվել, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ պահել ենք»,-այսօր լրագրողներին ասաց նա:

 

Տնօրենը նաև տեղեկացրեց, որ թատրոնի աշխատակիցների աշխատավարձերը հունվար ամսից 20%-ով բարձրացվել են, սակայն դա ստանալու են փետրվար ամսին: Իսկ երեկվա ըմբոստությունը թատրոնի տնօրենը պայմանավորեց նրանով, որ շատերը տեղյակ չէին, որ իրենց աշխատավարձերը հունվարից 20%-ով բարձրացել են։ Ըստ նրա, երբ աշխատակիցները տեսել են, որ «կուտակային»–ի գումարները պահվել են, դուրս են եկել բողոքելու:

 

Ինչ վերաբերում է դերասանների կողմից ի նշան բողոքի ներկայացումները տապալելուն, նա ասաց. «Ներկայացում չխաղալը արտիստին վայել չէ, մենք պետք է բոլոր ներկայացումները խաղանք»:

 

Տնօրենը նաև հերքեց լուրերը, թե թատրոնում աշխատանքից ազատումներ են սկսվել: