Ֆիլիպինցի գեղասահորդը գրավ է դրել մոր տունն Օլիմպիադային մասնակցելու համար

16:59 • 11.02.14

Ֆիլիպինցի գեղասահորդ Մայքլ Քրիստիան Մարտինեսը, ով Սոչիի Օլիմպիադայում իր երկրի միակ ներկայացուցիչն է, գրավ է դրել մոր տունը խաղերին մասնակցելու համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Rappler-ին: Միայն այդկերպ է մարզիկը կարողացել գումար գտնել մրցումներին պատրաստվելու համար:

 

Գեղասահորդի մայրը՝ Մարիա Թերեզան, օգնություն է խնդրել Ֆիլիպինների նախագահից, սակայն նրա դիմումը մնացել է անպատասխան:

«Չեմ կարծում, որ նախագահը կամ նրա շրջապատից որևէ մեկն առհասարակ գիտի Օլիմպիադայում հանդես եկող ֆիլիպինցի գեղասահորդի մասին»,- ասել է նա:

 

17-ամյա Մարտինեսը 1992 թվականից ի վեր ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցող առաջին ֆիլիպինցի մարզիկն է: Անցած մրցաշրջանում նա 16-րդ տեղն է զբաղեցրել «Չորս աշխարհամասեր» մրցաշարում (մրցաշարին մասնակցում են եվրոպական երկրներից բացի մյուս բոլոր երկրների գեղասահորդները), իսկ աշխարհի պատանեկան առաջնությունում դարձել հինգերորդը: