Փետրվարի 14-ին և 15-ին եկեղեցին կնշի «Տյառնընդառաջ»-ի և «Սուրբ Սարգսի» տոները

15:10 • 11.02.14

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին կնշի «Տյառնընդառաջը», իսկ անմիջապես հաջորդ օրը՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը։


Տեր Զաքարիան նախ անդրադարձավ «Տյառնընդառաջին» և նշեց, որ այն հրավեր է դեպի լույսը, դեպի Քրիստոսը: «Այդ օրը եկեղեցում լույսն օրհնվում է, և տանում ենք մեր տները: Այս տոնի խորհրդի միջոցով ընդգծվում է դեպի Տերը գնալու խորհուրդը, մեզ համար հրավեր է առավել մոտենալ մեր ազգային արմատներին ու մեր Տիրոջը»,- ասաց նա:


Տեր Զաքարիա վարդապետը նկատեց, որ այդ օրը Վեհափառը տարիներ առաջ հռչակել է նորապսակների օրհնության օր:


«Եկեղեցին օրհնում է, որպեսզի զույգերն ապրեն սիրով, ինքնազոհաբերմամբ: Մեզ համար սուրբ պսակը խորհուրդ է, որ երկու տարբեր մարդիկ դառնում են մեկ մարմին: Շատ կարևոր է, որ այդ մեկ մարմինն ապրի սիրո և լույսի մեջ: Անպայման հիշեն այն խոստումը, որ տվել են Աստծո առաջ՝ միմյանց գուրգուրեն, սիրեն»,- ասաց նա:


Անդրադառնալով տոնի ժողովրդական ծիսակարգին՝ հոգևորականը նշեց, որ ժողովրդական ավանդությամբ նորապսակները խարույկ են վառում իրենց տների բակում:


«Նման ազգային սովորույթները փաստում են այն, որ Հայ առաքելական եկեղեցին նաև ազգային է: Մեր շատ եկեղեցական տոներ ունեն ժողովրդագրական մաս»,- ասաց նա


Փետրվարի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Սուրբ Սարգսի տոնը: Այդ օրը հավատացյալները այցելում են եկեղեցի և իրենց հավատարմությունը տալիս Սրբին ու հայցում նրա բարեհոգությունը:


«Մեր ժողովրդի մեջ տարածված է աղաբլիթ ուտելու ավանդույթը: Ժողովուրդը հարստացնում է եկեղեցական մասը: Բայց պետք է չկտրվել բուն խորհրդից»,- ասաց վարդապետը:


Ինչ վերաբերում է Սուրբ Վալենտինի տոնին, որը նշվում է փետրվարի 14-ին, Տեր Զաքարիա վարդապետը նշեց, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո բազմաթիվ օտար տոներ մեր երկիր ներմուծվեցին:
«Մարդիկ սկսեցին օտար տոներ տոնել, այդ թվում՝ Սուրբ Վալենտինի օրը: Բայց, եթե դուրս գաք փողոց և մարդկանց հարցնեք, կտեսնեք, որ մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ով է Վալենտինը: Բայց այսօր եկեղեցին զարթոնք է ապրում: Եկեղեցին լի է գիտակցող երիտասարդներով, ովքեր գալիս են Աստծուն մոտենալու»,- ասաց նա:


Վարդապետն ընդգծեց, որ Սուրբ Սարգիսը հրաշալի տոն է՝ անմնացորդ սիրո և զոհաբերության խորհրդով: