Մարտի 1–ի հանրահավաքի մասին իրազեկող ՀԱԿ ակտիվիստներին բերման են ենթարկել

19:42 • 12.02.14

Մարտի 1-ին կայանալիք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հրավիրած հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելիս ոստիկանները բերման են ենթարկել 6 ՀԱԿ ակտիվիստների։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը։

 

Նա տեղեկացրեց, որ այս պահին իրենք հավաքվել են Ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց, որտեղ և տարել են ակտիվիստներին։

 

Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ բերման ենթարկվածներն են Անի Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Հայկ Պետրոսյանը, Սերգեյ Գասպարյանը, Դավիթ Վարդանյանը։ Ըստ նրա՝ բռնի ուժով բերման ենթարկվածներին ինքնակամ միացել է նաև նրանց հետո թռուցիկներ բաժանող Սամվել Աբրահամյանը: 

 

Ակտիվիստները բերման են ենթարկվել Մաշտոցի պողոտայից, որտեղ «BEST» սուպերմարկետի մոտ թռուցիկներ են բաժանելիս եղել։ Վերջիններիս են մոտեցել մի քանի քաղաքացիական հագուստով երիտասարդներ ու արգելել այդտեղ թռուցիկներ բաժանել, նշելով, թե իրավունք չունեն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, ովքեր ակտիվիստներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։