Բողոքի ակցիա. մետրոպոլիտենի աշխատակիցները ևս բողոքում են կուտակային պարտադիր համակարգի դեմ (լուսանկարներ)

11:01 • 12.02.14

Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մետրոպոլիտենի գլխամասային գրասենյակի մոտ այսօր առավոտյան հավաքվել են ընկերության մի խումբ աշխատակիցներ, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Նրանց են միացել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները:


Ինչպես Tert.am–ի հետ զրույցում նշեց մետրոպոլիտենի աշխատակիցներից մեկը՝ Զավեն Հովհաննիսյանը՝ ինքը նախորդ ամսվա համեմատ 14 000 դրամ պակաս է ստացել:


«Ինձ համար էական չէ՝ օրենքը լա՞վն , թե՝ վատը, ես 14 հազար դրամն եմ ուզում, քանի որ այդքան պակաս եմ ստացել. ստացվում է, որ աշխատավարձը իջել է: Ինձ պետք չէ 30 տարի հետո մտածել՝ ինչ կլինի, ինձ պետք է, որ իմ երեխաներին կարողանամ պահել»,- ասաց մետրոպոլիտենի աշխատակիցը և ավելացրեց, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակների մասին օրենքից այդ պարտադիր դրույթը պետք է վերացվի:


Մեկ այլ աշխատից՝ Անդրանիկ Գևորգյանը, որին ի դեպ, չի վերաբում այս օրենքը, քանի որ վերջինս 1973թ. ծնունդ է, նույնպես միացել է պայքարին: Նա նշեց, որ ընկերության 30 աշխատակիցների ստորագրությամբ դիմում են ուղարկել ընկերության ընդհանուր բաժին՝ ներկայացնելով իրենց պահանջները՝ պահումներ չպետք է կատարվեն:


«Օրենքի համաձայն՝ մենք դիմումը գրել ենք ... խոստացել են այսօր մեզ պատասխանել, բայց ասել են, որ օրենքի համաձայն կարող են դա անել 7 օրվա ընթացքում»,- մանրամասնեց ընկերության աշխատակիցը:


Մետրոպոլիտենի տնօրինությունը շենքից դուրս չեկավ՝ ընկերության աշխատակիցների հետ հանդիպելու համար:


«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը ավելի մեծ պետք է լիներ, բայց տնօրինությունը նախօրեին՝ կանխել է հավաքվածների մեծաքանակությունը՝ նրանցից ոմանց վրա ճնշումներ գործադրելու պատճառով:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին բողոքի ակցիա էին արել նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները, որի հետևանքով չէր կայացել «Անուշ» օպերան։