Բրիտանիայի խորհրդարանում ԼՂ հակամարտության մասին քննարկում է տեղի ունեցել
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ Միացյալ Թագավորության քաղաքականության վերաբերյալ կարճատև քննարկում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, քննարկումը տեղի է ունեցել պատգամավոր Սթիվեն Փաունդի նախաձեռնությամբ։
Միջոցառմանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարկ Սիմոնսը։
Իր ելույթում նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է խոչընդոտել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացմանը, և դառնում է պատճառ՝ ողջ Հարավային Կովկասում հետագա անկայունության համար։
Նա ընգծել է, թե այդ հակամարտությունը սառեցված համարելը մոլորություն է։ «Մեծ Բրիտանիան անհանգստացած է շփման գծում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի խախտումներով»,-ասել է նա։
Մարկ Սիմոնսը հավելել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։
«Որքան մեծ լինեն կորուստները, այդքան դժվար կլինի հակամարտության լուծման հասնելը»,-ասել է նա։
Բրիտանացի պաշտոնյան կողմերին կոչ է արել չտրվել սադրանքներին։ «Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է անել հնարավորը՝ հակամարտության խաղաղ լուծումը գտնելու համար։ Բրիտանիան աջակցելու է Հայատանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերելու հարցում։ Մենք կկրկնապատկենք ջանքերը խաղաղ կարգավորման համար՝ հիմնված ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։
Մարկ Սիմոնսն ասել է, որ Մեծ Բրիտանիան, որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շարունակելու է այդ հակամարտության լուծման ուղղությամբ ջանքերը։










