Արմեն Մովսիսյանը նաիրիտցիներին խոստացել է 1 ամսվա աշխատավարձ. (տեսանյութ, լուսանկարներ)

14:47 • 12.02.14


15.39


Մի խումբ աշխատակիցներ քիչ առաջ դուրս եկան էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից: Նախարարը խոստացել է մեկ ամսվա աշխատավարձը, սակայն գործարանի հետագա ճակատագրի մասին ոչ մի բան չի ասել:


Բողոքող աշխատակիցները հայտարարել են, որ նախարարը հերթական «զապիսն էր միացրել», որը ոչինչ չի նշանակում: Իրենց չի բավարարում այդ պատասխանը և ցանկանում են բողոքի ցույցը շարունակել նախագահական նստավայրի մոտ:


Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստվայար։








15.13


Վարչապե՛տ , իջի՛ր կամ ուղարկի՛ր քո դիրեկտոր եղբորը. Նաիրիտցիները սպառնում են ամենօրյա ցույցեր անել


«Վարչապե՛տ, իջի՛ր, կամ էլ ուղարկիր քո դիրեկտոր եղբորը» վանկարկումներով ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անցկացնող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին դիմավորեց նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով մի քանի աշխատողների հետ առանձին զրույցից հետո առաջարկեց, որ ակցիայի մասնակիցները գնան էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մոտ, ինչը դժգոհության ալիք բարձրացրեց նրանց շրջանում:


Վերջիններս դա դիտարկեցին որպես իրենց խաբելու հերթական միջոց, քանի որ ասացին, որ նախարարի հետ մեկ անգամ չէ, որ հանդիպել են, և ոչ մի անգամ էլ իրենց հույսերը չեն արդարացել: Վերջիններս սպառնում են՝ ամեն օր կգան ակցիայի մինչև չստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:


Աշխատակիցները նաև հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Չինաստանում բացվեց Շաթի-Նաիրիտ գործոնը՝ հայկական կողմի 40% մասնաբաժնով: Այդ Նաիրիտի գործարանի մեկ ամսվա բյուջեն կազմում է 1 մլն դոլար: Ստացվում է, որ եթե այդ գումարը հասներ ճիշտ հասցեատերերին, գործարանի աշխատակիցները վաղուց պետք է ստացած լինեին իրենց 15 ամսվա աշխատավարձերը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ քլորոպլենային կաուչուկի գինը թանկացել է միջազգային շուկայում՝ Երևանում գտնվող գործարանը պետք է անհապաղ աշխատեր, այլ ոչ թե ծառայեր փողեր լվանալու միջոց կոռումպացված իշխանությունների կողմից:


Թե ինչու չի աշխատում գործարանը, դրա պատասխանը միայն կիմանան Տիգրան և Սերժ Սարգսյաններն իրենց երկու եղբայրների հետ, որոնցից մեկն աշխատում է Նաիրիտում, իսկ մյուսը Չինաստանում Հայաստանի դեսպանն է»:


Նաիրիտցիներից մեկը առաջարկեց այդուհանդերձ գնալ նախարար Արմեն Մովսիսյանի մոտ և իրենց պահանջները ներկայացնել՝ ավելացնելով, որ եթե չգոհացնի, ապա կմնան և կշարունակեն վարչապետից պահանջել, որպեսզի իջնի և պատասխան տա, կամ էլ կգնան նախագահական։ Քիչ առաջ նրանցից հինգ հոգի մտան նախարարի մոտ։


 





«Նաիրիտ» գործարանի շուրջ 100 աշխատակիցներ այսօր կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի Կառավարության շենքի դիմաց և պահանջում են իրենց 15 ամսվա աշխատավարձերը:

 

Նրանք պահանջում են հստակեցում, թե ի վերջո «Նաիրիտ» գործարանը փակվելո՞ւ է, թե ոչ, և եթե փակվելու է, ապա ինչո՞ւ չեն վերջնահաշվարկ կատարում։

 

Tert.am-ի հետ զրույցում աշխատակիցներից Նորայր Մկրտչյանը նշեց, որ արդեն հոգնել են խոստումներից, թե գործարանը կվերագործարկվի, վաճառվում է ռուսական կողմին և այլն: Նրա խոսքով՝ այժմ էլ աշխատակիցներին ասել են, որ «Նաիրիտ»–ով հետաքրքրվում են իտալացիները: