Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին Սիրիայի հարցով բանաձև կներկայացնի

10:58 • 12.02.14

Ռուսաստանն ամենամոտ ժամանակներս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կմտցնի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցով բանաձևի նախագիծ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, գրում է Взгляд-ը:

 

Փոխարտգործնախարարը նշել է, որ նախագիծը «պարունակում է հիմնականում բոլորին ուղղված կոչ՝ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ, միավորել ուժերը Սիրիայի տարածքից եկող ահաբեկչական վտանգին դիմակայելու համար»:

 

Գատիլովն ընդգծել է, որ արևմտյան երկրների առաջարկած բանաձևի նախագիծը հիմք է ստեղծում Սիրիա միջամտության համար, իսկ այս կերպ Ռուսաստանը մտադիր է արգելափակել այն:

 

«Այն այժմ պատրաստվում է, սակայն, ցավոք, այն քաղաքականացված է: Դրա ամբողջ իմաստն ու նպատակն այն է, որպեսզի հիմք ստեղծվի ուժային գործողությունների համար սիրիական կառավարության դեմ՝ բանաձևում ընդգրկված ինչ-որ պահանջներ չկատարելու դեպքում: Դա շատ հեշտ է անել, քանի որ այնտեղ հումանիտար իրավիճակը շատ դժվար է»,- հայտարարել է Գատիլովը: