Փարիզում շարունակվում է տաքսու վարորդների գործադուլը. բերման է ենթարկվել 100-ից ավելի վարորդ

14:30 • 12.02.14

Ֆրանսիայի մայրաքաղաքում շարունակվում է տաքսու վարորդների բողոքի ակցիան՝ ուղղված, իրենց կարծիքով, այլ տրանսպորտային ընկերությունների կողմից անարդար մրցակցության դեմ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Արդեն երրորդ օրը շարունակվող գործադուլի պատճառով քաղաքում լրջորեն խախտվել է երթևեկությունը:

 

Տաքսիստները բողոքում են այսպես կոչված՝ «զբոսաշրջիկների համար վարորդով մեքենաների» (VTC) դեմ, որոնք պետք է աշխատեն միայն նախապես արված պատվերով, սակայն գործնականում նրանք իրականացնում են սովորական տաքսիների գործառույթը:

 

Ցուցարարները շեշտում են նաև, որ VTC-ն գտնվում է շահավետ ֆինանսական պայմաններում, մինչդեռ սովորական տաքսու վարորդները տարեկան 200-250 հազար եվրո են վճարում լիցենզիայի համար, իսկ նրանց մրցակիցները դրա համար վճարում են 200 եվրոյից պակաս գումար:

 

Նրանք փորձ են արել արգելափակել Փարիզի օղակային ճանապարհը, կարևոր մայրուղիները։

 

Փարիզի ոստիկանությունը ցուցարարների դեմ ավելի ու ավելի խիստ միջոցների է դիմում. փետրվարի 12-ին բերման է ենթարկվել ակցիայի 100-ից ավելի մասնակից: Ցուցարարների մեքենաների մի մասը տարվել է տուգանային հրապարակ, դրանցից հանվել են համարները:

 

Ակցիան, սակայն, ավելի մեծ արձագանք է սկսում ստանալ երկրում. այսօր դրան են միացել հարավային քաղաքների, մասնավորապես Մարսելի և Նիսի տաքսու վարորդները: