Տիմոշենկոն Յանուկովիչին առաջարկել է բանավիճել
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն առաջարկել է երկրում առկա իրավիճակի վերաբերյալ բանավեճեր անցկացնել նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ. այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությանը հղումով։
«Ես դիմում եմ Վիկտոր Յանուկովիչին. եթե նա հրապարակային բանավեճեր ցանկանա, ես պատրաստ եմ քննարկման՝ Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու համար ռազմավարական քայլերի հարցում»,-ասել է Տիմոշենկոն։
Նախկին վարչապետն ընդգծել է, թե իր համար նշանակություն չունի, թե ինչ ձևաչափով տեղի կունենան քննարկումները։ Որպես մի տարբերակ Տիմոշենկոն առաջարկել է տեսակոնֆերանս Խարկովի այն հիվանդանոցից, որտեղ նա այժմ բուժվում է։
Ավելի վաղ նախկին վարչապետը, որն ակտիվորեն սատարում է «Եվրամայդանի» ցույցերին, հայտարարել էր, որ ճգնաժամից դուրս գալու համար պետք է Ուկրաինայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ Տիմոշենկոյի մեկ այլ պահանջ էլ Յանուկովիչի հրաժարականն էր, որը, նրա խոսքով, «անօրինական գրավել է իշխանության մոնոպոլիան»։
Օրերս նման առաջարկություն էր ներկայացրել նաև ընդդիմադիր մեկ այլ առաջնորդ՝ «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն։










