Միլիարդատեր Դոնալդ Թրամփը՝ Սոչիի և Պուտինի հետ զրույցի մասին
Ամերիկյան ԶԼՄ-ները քննադատում են Սոչիի Օլիմպիադան՝ կառչելով ամեն մանրուքից։ Այս մասին ասել է միլիարդատեր Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ին ձեռնտու չէ ռուսներին իր դեմ տրամադրելը, քանի որ Մոսկվան արդեն հասկացրել է, որ կարող է խորամանկությամբ առաջ անցնել Վաշինգտոնից միջազգային ասպարեզում, գրում է Russia Today-ը։
Թրամփը թերահավատորեն է արտահայտվել կոնգրեսական Մայքլ Մաքքոլի՝ Օլիմպիադայի ընթացքում ահաբեկչական ակտի հնարավորության վերաբերյալ խոսքերին։ Միլիարդատիրոջ կարծիքով՝ պետք է հնարավորություն տալ ռուսներին «ազատ շունչ քաշել»։
Գործարարը հիշել է իր այցը Ռուսաստան «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի ժամանակ։ Այդ ժամանակ Թրամփին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով, Թրամփի խոսքով, եղել է շատ բարեհամբույր։ «Ռուսները մեզ պարզապես հիանալի ընդունեցին»,- նշել է միլիարդատերը։
Թրամփն ասել է, որ շատ հարցերում Ռուսաստանին հաջողվում է խորամանկությամբ առաջ անցնել ԱՄՆ-ից։ Նրա կարծիքով՝ դա վերաբերում է ոչ միայն Սիրիային։ «Ես սիրում եմ մեր երկիրը, սակայն մենք պետք է ինչ-որ կերպ համակերպվենք մյուսների հետ»,- նշել է միլիարդատերը։










