Իշխանությունը չի դիտարկում երկրում ճգնաժամի լուծման ուժային տարբերակներ. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայում ճգնաժամը հաղթահարելու ուժային սցենարներ չեն դիտարկվում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Լեոնիդ Կոժարան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Այսօրվա դրությամբ ուկրաինական իշխանությունը չի դիտարկում ոչ մի ուժային սցենար, և մենք հույս ունենք, որ նմանատիպ սցենարներ չեն դիտարկվում նաև հակառակորդների կողմից»,- ասել է Կոժարան: Նա հույս է հայտնել, որ երկրում ճգնաժամի կարգավորման ուղիներ վաղ թե ուշ կգտնվեն իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների արդյունքում:
Նրա խոսքով՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչը և կառավարությունն իրավիճակի կարգավորման կոնտեքստում ցույց են տալիս իրենց թափանցիկությունը: «Սակայն երկրում դիտվում են էքստրեմիզմի դրսևորումներ: Մենք կարծում ենք, որ ընդդիմությունը, եթե այն վերահսկում է որոշակի գործընթացներ, պետք է իրեն զատի այդ խմբերից»,- նշել է Կոժարան:










