«ՀայՌուսգազարդը» խաղում է «Չարի վերջ»–ի կանոններով, ասում է ընկերության հետ 4 դատ ունեցող քաղաքացին

13:42 • 13.02.14

1970թ–ից տնտեսական գործունեություն ծավալող Սամվել Հարությունյանը, որ մի քանի ավարտված և ընթացող դատերի մեջ է «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ գազամատակարար ընկերությունը 21-րդ դարում խաղում է հայտնի՝ «Չարի վերջի» կանոններով: Այն է ՝ երեք անգամ փչացրել–ցրտահարել են իր ջերմոցներում հասնող իր բերքը և իրեն դրել փակուղու առաջ կանգնացնել։


Այսօր Քանաքեռ Զեյթուն դատարանում ընթացող մի դատավարության ընթացքում ֆերմերը պահանջում էր 44 միլիոն դրամ, իսկ 2008 թվականի հոկտեմբերին ցրտահարված բերքի դրվագով (դատավարությունն ավարտվել է, և դատարանը գտել է, որ հայցվոր Սամվել Հարությունյանը ճիշտ է) պահանջել է 45 միլիոն դրամ:

Բանն այն է, որ 2006 թվականին Սամվել Հարությունյանը «ՀայՌուսգազարդ»-ի հետ կնքել է պայմանագիր՝ գազամատակարարման վերաբերյալ: Նա ունեցել է գազի գերավճար՝ 100 հազար ավելի գումարի չափով, սական հետագայում իրենից «ՀայՌուսգազարդ»-ը պահանջում է 4 400 000 հազար դրամ կանխավճար կամ դրան համարժեք գույք գրավ։ Քանի որ Սամվել Հարությունյանը չի համաձայնել, գազամատակարար ընկերությունը զոդման միջոցով դադարեցրել է գազամատակարարումը:


«Սա «Չարի վերջը» չի բա ին՞չ ա։ Ո՞նց կարելի է նման պահանջներ դնել, երբ որ ինքն ա ինձ պարտք»,- հայտարարեց Սամվել Հարությունյանը:


Նրա հետ ասուլիսին ներկա ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց.«Մինուս տասի տակ խողովակը կտրեն զոդեն, իմանալով, որ վարկի տակ է ընկնելու, չեն միացրել մինչև ապրանքը փչացել է»:


20–ամսյա դատաքննությունից հետո 2011–ին Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի դատարանը բավարարել է հայցվորի պահանջը:


«Անգամ դատավորը իրենց ներկայացուցչին հարցրեց՝ Դուք ընդունո՞ւմ եք Ձեր սխալը, որ գերավաճար է եղել է, նա ասաց՝ այո՛: Բայց նրանք, ինչպես միշտ դիմել են խորամանկության՝ մեր միջև գործող պայմանագիրը կեղծեցին, իմ պայմանագրի բնօրինակի հիման վրա, տարան Վերաքննիչ, որով որոշվեց, որ հոկտեմբեր ամսին գազ մատակարարելու կետ չի եղել, հետևաբար ցրտահարման համար իրենք պատասխանատու չեն»,- ներկայացրեց Սամվել Հարությունյանը:


Ըստ նրա բացատրության՝ իսկական պայմանագրում գազամատակարարման սահմանափակումներ նախատեսված չեն եղել, ինչպես պահանջել էր, այսինքն՝ որ լինեին գազի ամսական մատակարարումներ, սակայն կեղծված տեսքով դրանք մտել են դատարան։ Այսինքն՝ արձանագրվել է, որ ապրիլ-հոկտեմբեր ամիսներին «ՀայՌուսգազարդ»-ը իբր պարտավորվածություն չի ունեցել գազ մատակարարելու:


Ի դեպ, Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնը, հաստատել է հայցվորի կասկածները, որ երկրորդ պայմանագիրը, որով Վերաքննիչը գտել է, որ «ՀայՌուսգազարդ»-ը հայցվորին ֆինանսական փոխհատուցում տալու խնդիր չունի, կեղծված է: Ներկայումս այս հարցով Քանաքեռ Զեյթուն դատարանում ընթանում է դատավարություն՝ պայմանագիրը կեղծողներին գտնելու և հայտնաբերելու հիմքով։


Ի պատասխան հարցի, թե ո՞րն է «ՀայՌուսգազարդ»-ի շահը, որ ջերմոցային ընկերությունը չաշխատի, Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց.«Մեկ նպատակ է հետապնդում, նրա օրինակը առաջինը և վերջինը չէ, կան բազում օրինակներ, որ ֆերմերներին կա՛մ փայ են մտնում, կա՛մ էդպիսի կենդանիներ, կա՛մ էլ պայմաններ են ստեղծում, որ մարդը փակի բիզնեսը և գնա ստեղից»:


Ի պատասխան հարցին, թե եղել է փաստացի առաջարկ որևէ մեկի կողմից, և եթե այո, ապա ում, Սամվել Հարությունյանի փոխարեն հարցին պատասխանած Գուրգեն Եղիազարյանը բարկացավ և հայտարարեց, որ, այո, եղել է, կա մարդ, որի հորը, մորը, անգամ պապին լավ ճանաչում են, բայց եթե անուն տա, ապա լրագրողնե՞րն են արդեն ունեզրկված մարդու կյանքը խլելուց հետո պատասխան տալու:


«Գիտե՞ք ինչու է այս վիճակում մեր հարգարժան գործարարը, որովհետև ինքը գտնվում է ապահով Հայաստանում: Իսկ դատերը սկսել են «Առաջ Հայաստանի» ժամանակ: Ու «առաջ»-ից եկավ ու խրվեց պարտքերի մեջ մինչև դեպի անապահով Հայաստան»,– ասաց նա:


Իսկ Սամվել հարությունյանն էլ ավելացրեց, որ եթե իր տատին ու պապին թուրքերն են ցեղասպանել, ապա նույնը իր նկատմամբ է արվում է այսօր Հայաստանում։ «Իսկ էսօր Ցեղասպանության հարյուրամյակի շեմին մեր դատարանները, իշխանությունը գրչի հարվածով են ինձ սպիտակ ցեղասպանության ենթարկում»,– ասաց նա: