Պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեք կետով ճիշտ չի ասում. «Դ!եմ եմ»-ի ակտիվիստ
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով նաև կենսաթոշակային կուտակային համակարգի ակտիվ լոբբիստներից է, այսօրվա ասուլիսում համակարգի հետ կապված 3 ոչ ճիշտ հայտարարություն է արել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դ!եմ եմ»-ի ակտիվիստ Հայկ Ավետիսյանը:
«Հակոբ Հակոբյանն ասուլիսին ասաց՝ մենք այսպես ենք անում, որ խնայեն և հետագայում ստանան օրինակ՝ 80.000 դրամ և կարողանան գոնե նորմալ ապրել: Հիմա ուզում եմ հակադարձել, որ ցանկացած օրինակ, որ Հակոբ Հակոբյանը բերում է թող ասի՝ այ էս հաշվարկի համաձայն կարող է այդ 40.000 դառնալ 80.000 դրամ, ոչ թե ասի՝ «օրինակ՝ 80.000 դրամ»».-ասաց ակտիվիստը:
Ըստ Հայկ Ավետիսյան՝ նախաձեռնության անդամներն իրենք մի քանի ամիս առաջ համապատասխան հաշվարկներ են արել և եկել եզրակացության, որ եթե նույնիսկ 20.000-ը վերածվի 80.000-ի, ապա հաշվի առնելով գնաճը՝ այն ժամանակվա թոշակը ներկայիս թոշակից բարձր է լինելու ընդամենը 10 տոկոսով:
Ի պատասխան հարցի, թե հաշվարկների հիմքում գնաճի ի՞նչ ցուցանիշներ են դիտարկվել, Հայկ Ավետիսյանն ասաց, որ հաշվել են Հայաստանի վերջին տասը տարիների ընթացքում արձանագրված ինֆլյացիայի միջին թիվը:
«Տոկոսն ուղղակի հաշվելով՝ տեսել ենք, որ դա ընդամենը հիմիկվա թոշակից 10 տոկոսով է ավել: Հաշվել ենք հիմիկվա 18 տարեկանների համար, այսինքն 45 տարի հետո»,-ասաց ակտիվիստը:
Հիշեցնենք, որ լրագրողների հարցին, թե Հակոբ Հակոբյանը կարո՞ղ է թվարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետության 3 կարևոր կետ, վերջինս ասել էր. «Առաջինն այն է, որ դուք կստանաք բարձր կենսաթոշակ, երկրորդը՝ հավաքված գումարները կծառայեն քո երկրի տնտեսությանը, ըստ դրա էլ աշխատատեղերով կապահովվեն շատ քաղաքացիներ։ Եվ երրորդ՝ կլինեն լրացուցիչ միջոցներ՝ երկիրը զարգացնելու համար»:
Հայկ Ավետիսյանն այս հայտարարությունն այսպես մեկնաբանեց. «Սա էլ սուտ, նա էլ, քանի որ այդ գումարները մեր երկրի տնտեսությանը չեն կարող ծառայել, քանի որ այդ գումարները գնալու են դուրս, որպեսզի հետո վարկեր վերցվեն: Այդ գումարները հետ են վերադառնալու՝ մեր երկրի ունեցվածքի կոպիտ ասած՝ գրավադրմամբ»:
Նա նաև նշեց, որ այս համակարգը ներդրելով՝ ոչ ոք հաշվի չի առել «ընտանեկան բյուջե» հասկացությունը: Այսինքն՝ մարդուց պահումներ են անում, բայց չեն դիտարկում, թե քանի՞ հոգի է «ընկած նրա վրա», քանի՞ հոգու է նա կերակրում:
Ըստ ակտիվիստի՝ այն պետություններում, որոնց օրինակը բերում է Հակոբ Հակոբյանը, «ընտանեկան բյուջեի» ծախսերը հանում են, նոր պահումներ են անում, և, առհասարակ, հաշվի են առնում հազար ու մի նրբություն:










