Կոտրված միկրոֆոն, նետված նոթբուք...հնդիկ պատգամավորները կռիվ են սարքել խորհրդարանում

17:22 • 13.02.14

Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատում վիճելի օրենքի նախագծի քննարկումը թեժ է ստացվել: Պատգամավորներն այնքան են տարվել բանավեճով, որ չեն կարողացել զսպել իրենց. խոսնակի բարձրախոսը կոտրվել է, խորհրդարանականներից մեկի վրա նոթբուք է շպրտվել, իսկ մյուսն իր գործընկերների վրա պղպեղի գազ է ցանել, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Վիճաբանության պատճառը երկրի վարչապետի առաջարկն է եղել հարավային Անդհրա Պրադեշ նահանգի տարածքում Տելենգան նոր նահանգ ստեղծելու վերաբերյալ: Այս նախաձեռնությունը երկու ճամբարի է կիսել ինչպես տվյալ շրջանի բնակիչներին, այնպես էլ հնդիկ քաղաքական գործիչներին: Նոր նահանգ ստեղծելու գաղափարը սատարում են տելուգու էթնոսի ներկայացուցիչները, որոնք կազմում են Տելենգան պատմական շրջանի բնակչության հիմքը: Նրանք կարծում են, որ տեղական իշխանությունները չափազանց քիչ գումար են հատկացնում շրջանի զարգացմանը և ինքնավարություն են ցանկանում: Անդհրա Պրադեշի վարչակազմը համաձայն չէ դրա հետ և չի ցանկանում զրկվել իր մայրաքաղաքից:

 

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ որոշ պատգամավորներ, իմանալով օրվա օրակարգը, նիստին իրենց հետ դանակներ, պղպեղի գազ և խորհրդարանի պատերի ներսում արգելված այլ առարկաներ են բերել: Նրանցից մեկն անգամ խոստացել է այրել իրեն շենքի ներսում, եթե նահանգի անջատման նախագիծն ընդունվի: