Կապանում տրամադրությունները խիստ բացասական են, «կուտակային»-ի դեմ ցույցեր են նախատեսվում. ՀԿ նախագահ
Պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր համակարգի շուրջ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տրամադրությունները խիստ բացասական են. առաջիկայում երթեր և ցույցեր են նախատեսվում: Այս մասին Tert.am-ին ասաց Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ, Կապանի «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Արմեն Փարսադանյանը:
«Քաղաքացիներին իրազեկելու և, ընդհանրապես, տրամադրվածությունը ստուգելու համար հանդիպում ենք քաղաքացիների հետ, տարբեր հիմնարկներ ենք գնում: Կարող եմ ասել, որ տրամադրվածությունը շատ վատ է, քանի որ արդեն աշխատավարձերը տալու ժամանակն է, և հիմնականում հիմնարկ-ձեռնարկություններում պահումներ են արել: Այս պահի դրությամբ արդեն նկատելի է, որ տրամադրությունները խիստ բացասական են»,-ասաց նա:
Արմեն Փարսադանյանը նաև տեղեկացրեց, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից ահազանգեր են ստացել, թե աշխատողների աշխատավարձերից պահումներ են արվել, չնայած հանգամանքին, որ կոմբինատի նախագահ Մաքսիմ Հակոբյանը հայտարարել էր, թե ինքը բոլոր աշխատողների փոխարեն վճարելու է «կուտակային»-ի գումարները. «Պահումներ եղել են, աշխատավարձը չի բարձրացել, և ես կոնկրետ մարդիկ գիտեմ, որ դեկտեմբեր ամսվա համեմատ 11 000 դրամ պակաս են ստացել հունվարի աշխատավարձը»:
«Պարտադիր կուտակային»-ի շուրջ մարզի մյուս քաղաքներում տիրող տրամադրությունների մասին նա նկատեց, որ Քաջարանում դժվար թե որևէ բունտ լինի, իսկ Գորիսի և Սիսիանի կողմերից էլ ոչ մի ահազանգ և որևէ արձագանք չի եղել: «Կապանն արդյունաբերական քաղաք է, հնարավոր բողոքի ակցիաներ Կապանում կլինեն»,-ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե մարզային այդ տրամադրությունները, հնարավո՞ր է, որ վերաճեն սոցիալական բունտի, նա ասաց. «Սոցիալական բունտը մեզնից է կախված, լարվածություն կա, սոցիալական խնդիրները շատ են, մոտակա օրերին մեր անելիքների մասին հայտարարությամբ հանդես կգանք»:
Վերջում նա կրկին շեշտեց, որ իրենք առաջիկայում ամենայն հավանականությամբ երթ ու ցույց կանցկացնեն և արդեն «ռադիկալ» քայլերի կգնան:










