Մոտ 4,3 մլն օտարերկրացի Ռուսաստանում է գտնվում առանց որոշակի նպատակի. Դաշնային միգրացիոն ծառայություն

13:25 • 13.02.14

Ռուսաստանում է գտնվում 4,3 միլիոն օտարերկրյա քաղաքացի, որոնք երկիր են այցելել առանց որոշակի նպատակի և չեն աշխատում: Այդ մասին Պետդումայում կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Ելենա Ռադոչինան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Վերջին տվյալներով՝ մեզ մոտ գրեթե 10,5 միլիոն օտարերկրացի կա, նրանցից 4,3 միլիոնը երկիր է եկել առանց որոշակի նպատակի, իսկ 3,7 միլիոնը եկել է աշխատանք գտնելու նպատակով»,- ասել է Ռադոչինան:

 

Նրա խոսքով՝ մոտ 1,5 միլիոն օտարերկրյա քաղաքացի արդեն իսկ ձևակերպել է աշխատանքի թույլտվություն:


«Մնում է եկվորների բավականին մեծ ռիսկային խումբ, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում 90 օրից ավելի, սակայն չի դիմել Միգրացիոն ծառայություն՝ կարգավիճակի հստակեցման համար»,- ասել է նա: