Ամերիկացի սենատորը Բարաք Օբամային դատի է տվել
Սենատոր Ռենդ Փոլը դատի է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ մեղադրելով նրան հեռախոսների անօրինական գաղտնալսման համար, գրում է Обозреватель-ը։
Սենատորը մեղադրում է նաև ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեպերին, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Քեյթ Ալեքսանդերին և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին։
Ներկայացված հայցում նշվում է, որ «2006-ից գործող հեռահաղորդակցման ընկերությունների հաճախորդների անձնական տվյալների հավաքման վերաբերյալ ծրագիրը խախտում է ԱՄՆ-ի Սահմանադրության չորրորդ ուղղումը»։
Սենատորի վստահեցմամբ՝ իր նպատակներից մեկն է ԱՄՆ-ի բարձրագույն դատական ատյանից ստանալ չորրորդ ուղղման ժամանակակից մեկնաբանությունը։ «Վերջին հաշվով, Գերագույն դատարանը կորոշի, թե ինչ է նշանակում չորրորդ ուղղումը»,- վստահ է սենատորը։










