Օլիմպիական օբյեկտների պահպանության ծախսերը գնահատվել են 7 մլրդ դոլար
Օլիմպիական ենթակառուցվածքների օբյեկտների և Սոչիում մրցումների անցկացման վայրերի պահպանությունն առաջիկա երեք տարիների ընթացքում կարժենա 7 միլիարդ դոլար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին, որն էլ վկայակոչել է անանուն ռուս պաշտոնյաների:
Ծախսերի մեծությունը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը մինչ այժմ չի որոշել՝ ինչպես են օգտագործվելու օբյեկտները. անորոշությունը տասնյակ անգամ մեծացնում է ծախսերը: Ծախսերի վերջնական գումարը ոչ ոք չի կարող որոշել նույն պատճառներով. չկա հստակություն ենթակառուցվածների օգտագործման վերաբերյալ:
Սոչիում Օլիմպիադայի անցկացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 1,53 տրիլիոն ռուբլի (44 միլիարդ դոլար), մինչդեռ ի սկզբանե ծախսերը գնահատվել էին 314 միլիարդ ռուբլի:
Ավելի վաղ տարբեր առաջարկներ են հնչել այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել Օլիմպիական խաղերի ենթակառուցվածքները: Առաջարկվել է ստեղծել խաղային գոտի, հատուկ տնտեսական գոտի, ինչպես նաև առաջարկ է հնչել բաժնետերերի տարեկան հանդիպումներ անցկացնել:










