«Դ!ԵՄ ԵՄ» շարժումը չի վերածվի սոցիալական բունտի. ընդդիմադիր ու իշխանական տեսակետները համընկնում են

09:12 • 13.02.14

Թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանական ճամբարների քաղաքական գործիչները չեն կարծում, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը հնարավոր է վերածվի սոցիալական բունտի, չնայած նրան, որ ամեն օր տարբեր կոլեկտիվներ են դուրս գալիս բողոքի ակցիաների և որ աշխատավարձի 5% պահումները շատերի գրպանին են ուղղակիորեն հարվածում։

 


Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը վստահ է, որ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը սոցիալական բունտի առիթ չի դառնա։ Նրա պնդմամբ՝ Հայաստանում ոչ թե սոցիալական բունտ է հասունանում, այլ ավտոբուսային քաղաքականություն։

 

«Հնարավոր չի, որովհետև կենսաթոշակային «բարեփոխումը տարածվում է մոտավորապես 270 000 մարդու վրա, իսկ մենք տեսնում ենք, թե ինչպիսին էր հունվարի 18-ի հանրահավաքը, ինչպիսին են դրանից հետո տեղի ունեցած հավաքները։ Իհարկե, մարդիկ դուրս են գալիս, բայց հանրահավաքին լավագույն դեպքում մոտ 1000-1500 մարդ կլինի, որոնց վրա տարածվում է այդ օրենքը։ Դուրս են գալիս նաև այս կամ այլ խմբակներ, դրանց էլ որ գումարես, տեսնում ես՝ դուրս եկողների թիվը չի գերազանցում 3-4 հազարը։ Այսինքն՝ ընդհանուր թվի 1-3% է դուրս գալիս։ Իսկ նման դեպքում չի կարելի բունտի սպասել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։


Արմեն Բադալյանը նաև նշեց, որ շատերն էլ դուրս են գալիս, հետո իրենց պահանջից կտրուկ հրաժարվում են. «Տեսնում ենք ղեկավարության կողմից ինչպես են նրանց «մշակում», որից հետո հետ են կանգնում իրենց որոշումից, քանի որ նրանց խոստանում են, որ աշխատավարձը կբարձրանա 10%-ով և կփոխհատուցվի այդ 5%-ը»։

 
Բացի կոլեկտիվների բողոքի երթեր դուրս գալը, նա խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ բազմաթիվ հիմնարկներ աշխատողներին ստիպողաբար տանում են բանկեր, որպեսզի ֆոնդ ընտրեն։


«Ընդհանրապես Հայաստանում բավական զարգացած է ավտոբուսային քաղաքականությունը՝ մարդկանց ավտոբուսներով տանում են ընտրատեղամասեր, ավտոբուսներով տանում են բանկեր, որ ֆոնդ ընտրեն, ավտոբուսներով բարեգործություն են անում և հետո էլ ավտոբուսներով Հայաստանից արտագաղթում են։ Այնպես որ Հայաստանում, ոչ թե սոցիալական բունտ է հասունանում, այլ ավտոբուսային քաղաքականություն»,- նշեց նա և հավելեց, թե հասարակության մեջ «խորքային խնդիր կա»։



«Մեր հասարակության, կարելի է ասել, 95%-ը Հայաստանում պայքարելու ցանկություն չունի և նրանց հիմնական մասը ձգտում է արտագաղթել Հայաստանից։ Նման իրավիճակներում սոցիալական բունտի մասին խոսելն անիմաստ է»,– ընդգծեց քաղաքագետը։


 
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը նույն համոզմանն է. «Հայաստանում սոցիալական բունտ որևէ առիթով տեղի չի ունենա։ Որովհետև, եթե քաղաքական սուր հիմնախնդիրները մարդկանց չեն միավորվում, սոցիալականը շատ դժվարությամբ կմիավորի»։


ՀԱԿ անդամը նկատեց, որ սա այն դեպքն է, երբ անմիջապես խփում է քաղաքացու գրպանին, բայց զանգվածային  գործադուլներ, ինչպես տեսնում ենք, չկա, չնայած որ տրամաբանական է, որ պետք է լիներ։

 
«Հնարավոր է, թե՝ ոչ, բայց տրամաբանական է, քանի որ դա վերաբերում է շատ աշխատողների շահերին, եթե իրենք շահերը չեն ուզում պաշտպանել, այդ դեպքում ո՞վ պետք է պաշտպանի։ Մարդկանց գիտակցությունն էլ համարժեք պետք է լինի, ի վերջո, գրպանին է հասնում, պետք է ավելի իրենց թափ տան, դա հասարակական շահ չէ, անձնական շահ է և պետք է իրենց այս իշխանությունների վարքագծին համարժեք դրսևորեն, գոնե անձնական շահի հարցով դուրս գան պաշտպանելու, հակառակ դեպքում կնշանակի, որ որևէ կերպ այս հասարակությանն արթնացնել հնարավոր չէ»,- ասաց նա։

 

Ինչ վերաբերում է նրան, որ պայքարողների որոշ մասին ղեկավարությունն աշխատավարձի բարձրացման ճանապարհով է փորձում խնդրից հետ պահել, Զոյա Թադևոսյանը նշեց, որ եթե այդ ճանապարհով գնան կոլեկտիվների ղեկավարները, ապա դա ինչ-որ չափով հարցի լուծում կապահովի, բայց, իհարկե, չեն կարող բոլորի աշխատավարձերը բարձրացնել։

 


ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համաձայն է՝ խնդիրներ կան հասարակության մեջ, բայց չի կարծում, որ դրանք սոցիալական բունտի կվերածվեն։ «Քանի որ դա հիմնավոր գործառույթ է պետության համար, պարզապես մարդիկ կասկածներ ունեն՝ կապված սովետի փլուզումի, ավանդների հետ, պարզապես պիտի մենք լավ աշխատենք, որպեսզի մարդիկ երաշխիքներ ունենան ապագայի նկատմամբ»,- ասաց նա։

 

Գալուստ Սահակյանի խոսքով՝ բունտ չլինելու մեկ այլ պատճառ էլ խոսքի ազատությունն է, որը տվել է իշխանությունը։ «Մեր նորանկախ Հայաստանում բողոքի ավելի մեծ ցնցումներ կարող էին տեղի ունենալ, պարզապես խոսքի ազատության արգելում կար ինչ-որ ժամանակահատվածում: Հիմա, հանձինս՝ իշխանությունների, մասնավորապես երկրի նախագահի, մենք լրիվ ժողովրդավարացնում ենք դաշտը, մարդիկ իրենց կարծիքները ազատ ձևով կարողանում են արտահայտել: Սա դրական կողմ է, և դրական պիտի համարել, որ հասարակությունը կարողանում է մասնակցել կառավարման պրոցեսին: Երբ ՍԴ-ն իր որոշումը կկայացնի, դա էլ արդեն պարտադիր կդառնա և՛ ժողովրդի, և՛ հասարակության համար: Ես ավելի շատ տեսնում եմ մտահոգություններ, պատերազմող երկրում բողոքի ալիքներն իմիտացիոն երևույթներ են այս կամ այն ուժի ազդեցության տակ»,- նշեց նա:

 
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ բունտ, որպես այդպիսին, այսինքն՝ անկառավարելի ինչ-որ «հրդեհներով» և այլն, չի լինի, իսկ մզանգվածային բողոք նա չի բացառում։



«Մեր քաղաքացիները երբ էլ բողոքել են, երբեք որևէ մեկին վնաս չեն տվել, եթե, իհարկե, պրովոկատորներն ինչ-որ բան չեն արել: Ժողովուրդը որևէ դեպքում նմանատիպ արարք թույլ չի տվել, այդ առումով այդ հարցից սոցիալական բունտ չեմ սպասում, բայց բողոքի ալիքը կա, տարբեր ձևերով դրսևորվում է, կարծում եմ՝ ոչ միայն կուտակայինի հետ, այլ ընդհանուր իրավիճակով է պայմանավորված: Դա ավելի միասնական, մասսայական բողոքի պահանջով հավանական կարող եմ համարել, եթե տեղի ունենա մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ»,- նշեց նա։

 


Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այսօր բողոքը համատարած է։ «Հասարակության 95%-ը բողոքական հատվածի մեջ է, ուղղակի կուտակայինը առիթ է դառնում: Բացի այդ պահումներից, սա իսկապես առիթ է, որովհետև ոչ միայն համբերության բաժակն է լցվում, այլ նաև սոցիալական մինիմումն են անցնում»,- եզրափակեց նա: